Մատչելիության հղումներ

Սիրիացի եւ հնդիկ ուսանողները հրաժարվում են հայաստանյան ոչ պետական բուհերից


2005 թվականի գարնանը Սիրիայի իշխանությունները կասկածի տակ էին առել հայաստանյան որոշ մասնավոր բուհերում տրվող բժշկական կրթության որակը` մտավախություն հայտնելով, որ սիրիացի ուսանողներին դիպլոմները պարզապես վաճառվում են:

Հատկապես արծարծվում էր «Սուրբ Թերեզա» եւ «Հայբուսակ» համալսարանների անունները: Բանն այն էր, որ հայաստանյան դիպլոմները վերահաստատելու նպատակով Սիրիայի բարձրագույն կրթության նախարարության անցկացրած քննությունների ժամանակ բացահատվել էր, որ Հայաստանի մասնավոր բուհերը անբավարար գիտելիքներ են տվել իրենց ուսանողներին: Նրանցից շատերը նույնիսկ չեն տիրապետել ռուսերենին, որով այս բուհերում իրականացվում է ուսուցումը:

Սիրիայի կառավարությունը պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք է տալիս արտասահմանում սովորող ուսանողներին, ինչն էլ բացատրում է հայաստանյան բուհերում սովորելու նրանց ցանկությունը: Մանավանդ, որ ոչ պետական բուհերում ունեցել են հեշտությամբ ընդունվելու եւ էժան սովորելու բոլոր հնարավորությունները:

Արդյունքում Սիրիայի բարձրագույն կրթության նախարարությունը որոշում ընդունեց չճանաչել հայաստանյան մասնավոր բժշկական բուհերի դիպլոմները: Սա, փաստորեն, անմիջականորեն անդրադարձել է ուսանողների հոսքի վրա: Մանավոր սեկտորի վարկաբեկման այս փաստը զայրացրել է Հայաստանի ոչ պետական բուհերի ղեկավարներից շատերին:

«Դա բուհերի մեղքն էր, մի մասը, իրոք, անօրինականություններ էր թույլ տվել, իսկ որոշ բուհերի ռեկտորներ գնացին Սիրիա եւ համոզվեցին, որ Սիրիայում մեր դիպլոմները վարկաբեկվել են», - նշում է «Հյուսիսային համալսարանի» ռեկտոր Բորիս Մակիչյանը: - «Թեկուզ որոշումը բժշկական բուհերի մասին էր, բայց ստվերն ընկավ նաեւ մյուսներիս վրա: Տարեկան 10 հազար վճարող ուսանողի կորուստ ունեցանք, ինչը մեծ վնաս էր թե' մեզ եւ թե' հանրապետության համար».

«Հայբուսակ»-֊ը ի սկզբանե հրաժարվեց մեղքի իր բաժնից՝ հարցը համարելով փակված, իսկ Սուրբ Թերեզայի անվան համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը սա որակեց պետական սեկտորի «կլանների» կողմից մասնավորին վարկաբեկելու մտածված քայլ:

«Սա պրովոկացիա էր, ներքին համաձայնություն կար պետական բժշկական բուհերի հովանավորների եւ Սիրիայի կառավարության միջեւ», - նշում է տիկին Համբարձումյանը: - «Սա հատուկ քաղաքականություն էր, որ սիրիացի ուսանողը եւս գնա պետական բուհ: Արդյունքում ընդամենը մի փոքր մասը եկավ պետական բուհ, քանի որ թանկ էր, իսկ մնացածը փախան Ռուսաստան»:

Հայաստանի բուհերում օտարերկրացի ուսանողների թվի կտրուկ նվազումը բժշկական մասնավոր բուհերը ամենեւին էլ իրենց մեղքը չեն համարում՝ պատճառաբանելով, որ այս երիտասարդների դիմումները առանց լուրջ հիմնավորումների մերժվում են հենց մեր արտաքին գործերի նախարարության կողմից: Նախարարությունը, սակայն, հերքում է նման լուրերի հավաստիությունը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG