Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Մեր թերթի հունիսի 30-ի համարում հրապարակված «Իսկ դու դարձե՞լ ես «Բարգավաճ Հայաստանի» անդամ» հոդվածի հեղինակ, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը արդեն մի քանի օր շարունակ սպառնալիքներով ու հայհոյանքներով լի նամակներ է ստանում էլեկտրոնային փոստով», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հոդվածն այն մասին էր, թե ինչպես են մարդկանց անդամագրում Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նամակների հեղինակը Գագիկ Ծառուկյանի մասին գրելիս նրան անվանում է «թագավոր», ընդ որում` «թագավոր» բառը գրում է մեծատառերով... Էդիկ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին` խնդրելով հայտնաբերել նամակների հեղինակին: ԱԱԾ-ն որոշակի ուսումնասիրություններ արել է: Ըստ էլփոստում պարունակվող տվյալների, նամակներն ուղարկվել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Իրվին արվարձանից: Սա բացահայտվելուց հետո ԱԱԾ-ում Էդիկ Բաղդասարյանին հայտնել են, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ չունի համապատասխան պայմանագիր, որով նման դեպքերում կարելի է առաջնորդվել: Բաղդասարյանը սպառնալիքների հեղինակին հայտնաբերելու ակնկալիքով դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ սպասում է պատասխանի»:

«Առավոտ»-ը փոխանցում է, որ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերին թղթակցող Գագիկ Շամշյանի նկատմամբ կատարված ոտնձգությունների մասին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված ռեպորտաժից ժամեր անց նրա վրա հարձակվել էին, իր ասելով, մոտ 30-40 հոգի, որոնք եղել էին ջիփ, BMW եւ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներով. - «Այդ տասնյակից ավելի մարդիկ, որոնց թվում Գագիկ Շամշյանը դեմքով ճանաչել է մասնավորապես Նուբարաշենի թաղապետի եղբորը՝ Ռուբիկ Հովհաննիսյանին, թաղապետի տեղակալ ոմն Վարդանի, Նուբարաշենի էլցանցի պետին, նախ հարձակվել են թղթակցի վրա, քաշքշել, թաղապետի եղբայրը նրա ձեռքից խլել էր ձայնագրիչն ու բջջային հեռախոսը, նաեւ դրամապանակը, բայցեւ թույլ չէր տվել, որ իր թիմակիցները թղթակցին ծեծեն՝ երեւի նրա վրա «ավելորդ հետքեր» չթողնելու համար: Հետո այդ մարդիկ արդեն իրենց ձեռքից դուրս պրծած Գագիկ Շամշյանին մեքենաներով հետապնդել էին մինչեւ Նուբարաշենի աղբանոց տանող ճանապարհը: Շամշյանն «Առավոտ»-ի խմբագրություն եկավ վերնաշապիկը պատռված ու ցեխակոլոլ վիճակում»:

Ըստ «Ժամանակ Երեւան» թերթի, «Հանրապետություն» եւ ԱԻՄ կուսակցությունների նախկին անդամ, Երեւանի քաղաքապետարանի նախկին աշխատակից Արամազդ Զաքարյանը իր նկատմամբ հարուցված հերթական քրեական հետապնդումից խուսափելով մեկ-երկու տարի առաջ մեկնեց Անգլիա եւ այդպես էլ չվերադարձավ: «Մենք տեղեկացանք, որ վերջերս Մեծ Բրիտանիայի իշխանությունները նրան քաղաքական ապաստան են տրամադրել», - հայտնում է թերթը՝ շարունակելով. - «ԱՄՆ-ում էլ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով իշխանություններին են դիմել փաստաբաններ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները, որոնք ընտանյոք հանդերձ արդեն կես տարուց ավելի է Նահանգներում են գտնվում: Նրանք թեեւ հայաստանյան ամենաբարձր վարկանիշ եւ վաստակ ունեցող փաստաբանների թվում էին, բայց մտերիմների վկայությամբ՝ դժգոհ էին իրենց կեցությունից եւ հիասթափված էին երկրից: Ջանոյանների՝ քաղաքական ապաստան ստանալու դիմումի հիմքում ընկած են ոչ թե քրեական հետապնդումները, այս զանազան ահաբեկումներ, սպառնալիքներ: Եթե արտագաղթը հասել է համեմատաբար բարեկեցիկ կյանքով ապրող, քաղաքական եւ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունեցող խավին, կնշանակի՝ այս երկրի իշխանությունները հասել են իրենց «նպատակին»»:

«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ՀՀ պարտավորությունների դիտարկման հանձնախմբի զեկույցում, որը քննարկվել է երեկ՝ նախարարների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, կա նաեւ ավանդական անդրադարձը «Ա1+»-ի խնդրին», - տեղեկացնում է «Առավոտ»-ը: Ռոլանդ Վեգեների խումբը նշում է 12 մրցույթներում «Ա1+»-ին այդպես էլ հեռարձակման արտոնագիր չտրամադրելու հարցը. - «Այս շարունակական անհաջող փորձերի կապակցությամբ խումբն իր զարմանքն ու հիասթափությունն արտահայտեց Հայաստանի իշխանություններին, այդ թվում եւ՝ Հանրապետության նախագահին»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փաթեթը Դաշնակցության համար լինի մերժելի, մի միտինգ էլ ՀՅԴ-ն ընդդեմ այս իշխանության եւ Ռոբերտ Քոչարյանի կանի, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանում է. - «Մեկ էլ, տասնյակ էլ։ Եթե կլինեն այնպիսի մոտեցումներ, որոնք մեր մոտեցումներին դեմ կլինեն, եւ եթե նախագահը կկատարի այն, ինչ 98-ին տեղի ունեցավ, ու կներկայացնի նման մի փաստաթուղթ, մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե ո՞ր նախագահն է Դաշնակցության համար անհարիր տեսակետներ ներկայացնում»։

«Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հայրը՝ Ռազմիկ Դարբինյանը օրերս հրապարակավ ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին». «168 ժամ»-ի այս հարցին Հայաստանի նախկին վարչապետ, «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Արմեն Դարբինյանը պատասխանել է. - «Ես այդ հանգամանքը բացատրում են Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի այլասերվածության, աղճատվածության եւ քանդվածության ամենաբարձր աստիճանով: Եվ մեր հայրերի, ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր իրենց բնույթով, տեսակով հանդիսանում են սոցիալիստական եւ ազգայնական գաղափարախոսություն կրողներ, նրանց համար այնքան էլ մեծ չէ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ընտրությունը: Թերեւս դա է պատճառը, որ հայրս, լինելով քաղաքականապես բավական ակտիվ եւ պատասխանատու անձնավորություն, կատարել է այս ընտրությունը»:

«Ծայրահեղորեն զվարճալի» համարելով Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ «Առավոտ»-ը համեմատում է. - «2003 ու հատկապես 2005 թվականների ընտրական «էպոպեաներից» հետո այդ կարգի առաջարկների լրջությունն ավելին լինել չի կարող, քան, ասենք, այն առաջարկինը, համաձայն որի՝ ջունգլիներում տեսախցիկների տեղադրումը էապես կզսպի ընձառյուծների անտիլոպ ուտելու ցանկությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG