Մատչելիության հղումներ

Հայ պատգամավորները մեկնում են Իրան


Այսօր քառօրյա այցով Իրան է մեկնում Հայաստանի Ազգային ժողովի Իրան-Հայաստան բարեկամության խումբը: Ազգային Ժողովի 8 պատգամավորներ ներառող պատվիրակությունը գլխավորում է խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Հանդիպում է նախատեսված Իրանի Մեջլիսի նախագահի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնաժողովների ղեկավարների հետ: Հանդիպում կլինի նաեւ Իրանի Առեւտրաարդյունաբերական պալատում եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց պատվիրակության անդամ Սամվել Նիկոյանը:

Հարցին, թե քննարկվելու են արդյո՞ք Իրան-Հայաստան գազամուղի կամ ավտոճանապարհների եւ հաղորդակցության ոլորտին առնչվող խնդիրներ, պատգամավորը պատասխանեց. - «Սա պետական պաշտոնական այց չէ, բարեկամական է: Նման հանդիպումները որոշակի տեղեկատվության փոխանակման նպատակ ունեն»:

Սամվել Նիկոյանը նշեց, թե իրեն նույնպես հետաքրքրում է հարցը, թե արդյո՞ք Ռուսաստանը գնելու է Իրան-Հայաստան գազատարի մի հատվածը:

«Եթե իրանական կողմը նպատակահարմար գտնի այդ խնդրի շուրջ իր դիրքորոշումը արտահայտելու եւ իր ունեցած տեղեկատվությունը կիսի հայ խորհրդարանականների հետ, ես սիրով կհրապարակեմ այն», - խոստացավ պատգամավորը:

Հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանի համար այցը այլ խորհուրդ էլ ունի. - «Ինձ համար առանձնապես հուզումնալից է, որովհետեւ ծնվել եմ Սպահանի նահանգի Սինական գյուղում: Դա յուրահատուկ մի ուխտագնացություն կլինի, քանի որ Հայաստան տեղափոխվելուց հետո ծննդավայրումս չեմ եղել 60 տարի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG