Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը ամրագրում է. - «Եթե որոշվել է, որ Սերժ Սարգսյանը դառնալու է ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համանախագահը, իսկ 2008 թվականին՝ Հայաստանի նախագահը, ապա այս մեռյալ իրավիճակում այդպես էլ կլինի: Եթե որոշվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողովի մանդատները հիմնականում բաժանվելու են ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ, ապա որոշումը բեկանման ենթակա չէ: Այնպես, ինչպես եթե որոշվել էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է հավաքեր առավելագույն կողմ ձայներ, ապա չնայած տոտալ բոյկոտին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կնկարեր եւ նկարեց 1,5 միլիոն մասնակցության թիվ: Հասարակության կարծիքը ոչ ոք չհարցրեց, եւ հարցնելու միտք էլ չի երեւում ասպարեզում: Ու զարմանալի չէ, որ ժողովուրդը օտարացել ու օրեցօր օտարանում է ոչ միայն իշխանություններից, այլեւ երկրում տեղի ունեցող գործընթացներից. նրան նույնիսկ չեն հետաքրքրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները... Շուտով երկրում քաղաքականության կսկսեն մշակել եւ իրականացնել ոչ թե լավ կամ վատ քաղաքական գործիչները, այլ ուռած գրպաններով «ավտարիտետները», նրանց «ախրանաները», «շոֆերներն» ու սիրուհիները»:

«Չնայած Հանրապետական կուսակցության շուրջ ստեղծված աղմուկին, դեռեւս որեւէ օլիգարխ կամ անկախ պատգամավոր, որը հայտարարել էր ՀՀԿ-ին անդամակցելու իր ցանկության մասին, դիմում չի գրել կուսակցությանն անդամագրվելու համար։ Այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավում խուճապ չկա, եւ այնտեղ գտնում են, որ ամեն ինչ ընթանում է նախապես որոշված ծրագրով», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը՝ ներկայացնելով. - «Ըստ այդ ծրագրի, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը կդառնա կուսակցական, ապա Հանրապետական կուսակցությանը կանդամակցեն «Ժողպատգամավոր» խմբի հիմնական մասը, որոշ գործարար պատգամավորներ, որոնք արդեն հայտարարել են, որ իրենք կլինեն այնտեղ, որտեղ կլինի Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ՝ ՕԵԿ-ից պոկված «Գործարար» պատգամավորական խմբի մի քանի անդամ։ Իսկ արդեն հուլիսի 22-ի համագումարում կամ դրանից մի քանի օր հետո Սերժ Սարգսյանին ՀՀԿ խորհուրդը կընտրի կուսակցության առաջին փոխնախագահ, որը կզբաղվի քաղաքական հարցերով։ Սա այն է, ինչ ասվել է ՀՀԿ խորհրդի անդամներին եւ ինչը ՀՀԿ-ում համարում են գրեթե կայացած փաստ»։

Վկայակոչելով հավաստի աղբյուրներ՝ «Առավոտ»-ը փոխանցում է. - «Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարական է տվել իրենց ղեկավարած համայնքներում որեւէ այլ կուսակցության (բացի ՀՀԿ-ից) գրասենյակների համար վարչական շենքերից տարածք չհատկացնել: Հասկանալի պատճառներով, առաջին հերթին նշվում է «Բարգավաճ Հայաստան»-ը»:

«Բնականաբար, շատ ցանկալի կլիներ, որ Բաբկեն Արարքցյանը, Հրանտ Բագրատյանը, Դավիթ Շահնազարյանը, Արա Սահակյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ ազատական գաղափարներ կրող էլի մի քանի գործիչներ լինեին խորհրդարանում», - նշում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Պարզ է, որ նրանք 10 գլուխ բարձր են ներկայիս ԱԺ-ի հիմքը կազմող անգրագետ, քրեականացված «գործարարներից»: Բայց ամբողջ ցավն այն է, որ վերոհիշյալ ազատական գործիչներից ոչ մեկը չի ցանկանում քաղաքական պայքարում շարքային լինել՝ գեներալից կամ, ավելի շուտ, գեներալիսիմուսից ցածր նրանք իրենց չեն պատկերացնում: Եվ հենց դա է, իմ կարծիքով, խանգարում նրանց միավորվել եւ հանդես գալ մեկ կուսակցության դրոշի տակ»:

«Հեռուստաալիքներն ամեն օր զբաղված են երկու տասնյակ մարդկանց անընդհատ ցուցադրելով` այս մեկը սա ասաց, այն մեկն այս մեկին պատասխանեց, երրորդն այսպես պատասխանեց առաջին երկուսին եւ այդպես շարունակ», - մատուցում է «Ազգ»-ը: - «Այսպես ամեն օր Հայաստանի երեք միլիոնը լսում է, թե ի՞նչ ասաց այդ քսան մարդը... Իսկ թե ի՞նչ են ասում երեք միլիոնի սովորական մասնիկները` այդ մասին լռում են, ոչինչ չեն ասում: Այդպիսով, կա երկու Հայաստան` էկրանի Հայաստանը եւ սովորական մարդու Հայաստանը, որոնք այդպես էլ իրար չեն հանդիպում գոնե հեռուստաէկրանին: Սովորական Հայաստանի անունը ընտրազանգված է, որին առանց անհարմար զգալու մեջ-մեջ են անում այն 20 հոգին բոլոր մեծ ընտրություններից առաջ»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, փակելով Վերին Լարսը՝ Ռուսաստանը «ատամներ է ցույց տալիս» ոչ միայն Վրաստանին, այլեւ «բոլոր այն երկրներին, որոնք Մեծ ութնյակի գագաթաժողովում կփորձեն միջամտել վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների կարգավորման գործընթացին՝ հօգուտ Վրաստանի»։

Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը, որին թույլ չտվեցին կուսակցաշինությամբ զբաղվել, Բաղրամյան փողոցի վրա բավական ընդարձակ իրավաբանական գրասենյակ է բացել եւ իրավաբանական ծառայություններ է մատուցում տնտեսվարող սուբյեկտներին», - տեղեկացնում է «Ժամանակ Երեւան» թերթը՝ ընդգծելով. - «Մի բան պարզ է. թեեւ նրան արգելեցին կուսակցական գործունեություն ծավալել եւ Ազգային ժողով մտնելու հավակնություններ դրսւեորել, այնուհանդերձ՝ նրա հնարազանդությունը պարգեւատրվել է. թույլ են տվել այլ գործունեությամբ «գլուխը պահել»»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG