Մատչելիության հղումներ

Ինչո՞վ են զբաղվում ԱՊՀ֊ երկրների ղեկավարների երեխաները


Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթն այսօր ծավալուն հոդված է տպագրել այն մասին, թե ինչով են զբաղվում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների երեխաները:

Վիկտոր Յուշչենկոյի որդին, օրինակ, վարում է Կիեւում միակ BMW M6-ը, որն արժե 130 հազար եվրո, եւ խոսում է 25 հազար դոլար արժողությամբ «Վերտու» բջջային հեռախոսով: Ռեստորանում կարող է 1000 ֊դոլարանոց շամպայն պատվիրել: Նախագահականում պնդում են, որ նա ծախսում է օրինական ճանապարհով վաստակածը՝ 20-֊ամյա Արդրեյը աշխատում է խորհրդատվական ընկերություններում, եւ նրան են պատկանում «նարնջագույն հեղափոխության» բոլոր խորհրդանիշերի (brand) հեղինակային իրավունքները:

Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին հոր մոտ է աշխատում՝ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական:

ԱՊՀ երկրների ղեկավարների զավակներից ամենահարուստը Իսլամ Քարիմովի դուստրն է: Գյուլնարան Տաշքենդում ոսկերչական խանութների ցանց ունի:

Իսկ Ղազախստանի ամենահարուստ կինը Նուրսուլթան Նազարբաեւի դուստր Դարիգան է: Նա գլխավորում է մի քանի լրատվամիջոց: Երեք տարի առաջ նա նաեւ երգել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում եւ երազում է «Լա Սկալա»֊-ի բեմի մասին:

Իլհամ Ալիեւի դուստրը՝ գեղեցկուհի Լեյլան, մի քանի տարի առաջ Շվեյցարիայի լեռնադահուկային առողջարաններից մեկում ծանոթացավ մոսկվացի հայտնի բիզնեսմեն Արազ Ագալարովի որդու հետ, ապրիլին Լեյլան եւ Էմինն ամուսնացան եւ տեղափոխվեցին Մոսկվա:

Ռոբերտ Քոչարյանի երեխաների մասին «Իզվեստիա»-֊ն գրում է. - «Հայաստանի նախագահի բոլոր երեք երեխաները ավարտել են Երեւանի սովորական դպրոց, այնուհետեւ ընդունվել տեղի համալսարան: 25-֊ամյա Սեդրակն արդեն աշխատում է բանկում: Նա ամուսնացած է եւ վերջերս որդի է ունեցել: 22֊-ամյա Գայանեն եւ 20-֊ամյա Լեւոնը սովորում են համալսարանի իրավաբանական ֆակուլտետում»:

Սակայն նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Գայանեն, իրոք, շարունակում է ուսումը, բայց Լեւոնը արդեն մի քանի օր է, ինչ ծառայում է բանակում:

Անդրադառնալով Վրաստանի ներկա եւ նախկին նախագահներին՝ «Իզվեստիա»-֊ն նշում է, որ եթե Միխեիլ Սահակաշվիլին հռչակել է «Ոչ՝ ռուսականին» կարգախոսը, ապա նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ամենասիրելի թոռնիկը՝ Սոֆիկոն Russia Today հեռուստակայանի «դեմքն» է՝ նա վարում է լուրերի ամենօրյա թողարկումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG