Մատչելիության հղումներ

Ազգային Ժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքում փոփոխություների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիտողությունների շուրջ խորհրդակցությունները: Ընդդիմությունը ներկայացրել է նոր առաջարկներ:

«Ներկայացրել ենք ընտրական հանձնաժողովների ձեւավորման եւ ըտրությունները 100 տոկոսով համամասնական ընտրակարգով անցկացնելու հետ կապված առաջարկ: Մենք գտնում ենք, որ հանձնաժողովները պետք է ձեւավորեն միայն քաղաքական մարմինները, բայց ոչ դատավորները կամ պատգամավորական խմբերը: Այս հարցում մեծամասնության հետ համաձայնության չենք եկել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդակցություններում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը:

Խորհրդակցություններում Դաշնակցության խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները դեռեւս նախնական քննարկման փուլում են: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկին, Կարապետյանը ասաց. - «Մենք կողմնակից ենք եղել 100 տոկոս համամասնականին եւ այդ մասին հայտարարել ենք»:

Իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնեց, որ առանձնացվել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության մոտ 20 հոդված, որոնց շուրջ առաջարկները քննարկվելու են, հավանաբար, ուրբաթ օրը:

«Մյուս բոլոր հարցերը այլ խաղի կանոններ են ենթադրում: Այս հարցերը քննարկելուց հետո կանդրադառնանք նաեւ ընդդիմության առաջարկներին: Կարծում եմ, հակված չենք 100 տոկոս համամասնականի առաջարկին, որովհետեւ հիմնավորումները շատ թույլ են», - նշեց Գալուստ Սահակյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG