Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Մենք էլ մեր պատմական հողը՝ Էրիվանի խանությունն ենք ուզում բռնազավթել»


«Հայաստանն ուզում է բռնազավթել Լեռնային Ղարաբաղը, մենք էլ Ադրբեջանի պատմական հողը՝ Էրիվանի խանությունն ենք ուզում բռնազավթել: Մենք կարող ենք դա ցանկանալ, բայց այսօր դա իրական չէ»,֊ - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ջումհուրիեթ» թուրքական թերթին տված հարցազրույցում Ալիեւը խոստովանել է, որ «Հայաստանը եւ Ադրբեջանը շատ հեռու են համաձայնությունից»: Խոսելով ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է. - «Ադրբեջանցիները պետք է վերադառնան Ղարաբաղ՝ դա է պայմանը: Դրանից հետո, քանի որ Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, Ղարաբաղի համայնքները եւ Ադրբեջանը կարող են քննարկել Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Հետագայում կտեսնենք, թե որքան ժամանակ կպահանջվի բանակցությունների համար»:

Մեկնաբանելով Ղարաբաղի նախագահի խոսքերը, թե Ղարաբաղը չի միանալու ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին՝ Իլհամ Ալիեւն ասել է. - «Ես նրա խոսքերին որեւէ նշանակություն չեմ տալիս, քանի որ նա ղեկավարում է քրեական ռեժիմը՝ ապօրինի, ինքնահռչակ, քրեական մի խմբավորում, որը չի ճանաչվել միջազգային ոչ մի կազմակերպության կողմից»:

Ի պատասխանել պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին, Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել. - «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակի: Ադրբեջանի աճող տնտեսական ներուժը, ռազմական հզորությունը, դիրքը տարածաշրջանում, մեր կարեւորությունը տարածաշրջանի եւ աշխարհի համար, առաջնորդում են մեզ դեպի գերակա դիրքեր»:

«Հայերը անարդար պահանջներ են ներկայացնում նաեւ Թուրքիային: Ոչ մի ցեղասպանություն չի եղել: Հակառակը՝ բոլոր ժամանակներում նրանք սպանել են թուրքերին, ադրբեջանցիներին եւ կոտորել նրանց», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG