Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանությունը հաստատում է Ղրղըզստանից ամերիկացի դիվանագետների արտաքսման փաստը


Ղրղըզստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հաստատել է տեղական լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ արտաքսվել են երկրից:

Դիվանագետները, ըստ ղրղըզական լրատվամիջոցների, արտաքսվել են «սուվերեն Ղրղըզստանի ներքին գործերին միջամտելու համար»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը մեջբերում է Ղրղըզստանում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարությունից. - «Մեղադրանքները, թե պաշտոնական ներկայացուցիչները զբաղվել են ոչ պարկեշտ գործունեությամբ, պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Նման պնդումները բխում են նրանց շահերը, ովքեր ցանկանում են վնաս հասցնել Ղրղըզստանի եւ Միացյալ Նահանգների փոխահարաբերություններին»:

Ամերիկացի դիվանագետներին, ըստ հայտարարության, մեղադրում են ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների հետ կապեր ունենալու համար. - «Դա կարելի է դիտարկել որպես դեսպանությանը վախեցնելու եւ քաղաքացիական հասարակությանը լռեցնելու փորձ: ԱՄՆ-ը շարունակելու է շփումները ղրղըզական հասարակության բոլոր խավերի հետ»:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես է ամերիկացի դիվանագետների արտաքսումը ծառայելու Ղրղըզստանի երկարաժամկետ շահերին», - ասված է հայտարարությունում:

Դիվանագետների արտաքսման հարցը քննարկվել է Ղրղըզստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի եւ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Միրոսլավ Նիյազովի հանդիպման ժամանակ:

Լրատվամիջոցները փոխանցում են նաեւ, որ միջադեպի պատճառով կարող են հետաձգվել երկկողմ բանակցությունները միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ Ղրղըզստանում գտնվող ավիաբազայի շուրջ, որոնք ծրագրված են վերսկսել հուլիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG