Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդության շրջանում ավելանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածության դեպքերը


ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ով վարակվածության դեպքերի թիվն այսօր Հայաստանում հասնում է 400-ի, ընդ որում՝ վարակվածների շուրջ 30 տոկոսը մինչեւ 24 տարեկան երիտասարդներ են: ՄԱԿ-ի հայաստանյան փորձագետներն ահազանգում են՝ վերջին տարիներին ոչ միայն վարակվածության դեպքերի կրկնակի աճ, այլ նաեւ դրանց երիտասարդացման միտում է նկատվում:

Վերջին ամիսներին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում գրանցված 27 վարակակիրներից մեկը 14 տարեկան դեռահաս է: Երեւույթի պատճառը փորձագետները համարում են առաջին հերթին մեր երկրում դեռահասների սեռական դաստիարակության խիստ ցածր մակարդակը:

«Հանուն ընտանիքի առողջության» համահայկական հիմնադրամի մասնագետների՝ 2005 թվականի ամռանը իրականացրած ուսումնասիրությունները վկայում են, որ հայաստանցի պատանիների եւ երիտասարդների 87 տոկոսը ծնողների հետ չի խորհրդակցում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ, 66 տոկոսից ավելին երբեք չի խորհրդակցել նաեւ մանկավարժների հետ: Եվ սա այն դեպքում, երբ մինչեւ 24 տարեկանների 70 տոկոսից ավելին ծանոթ է սեռական կյանքին:

«Մեզ մոտ ավանդույթները թույլ չեն տալիս այդ թեմաները արծարծել, մի քիչ ամոթխածություն կա, ծնողները հաճախ չգիտեն, թե ի՞նչ խոսեն, ինչպե՞ս խոսեն, որովհետեւ ժամանակին իրենց հետ էլ ոչ ոք չի խոսել», - վկայում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ազգային ծրագրերի պատասխանատու Արփինե Կորեկյանը:

Մեր երիտասարդները այս հարցերով չեն խորհրդակցում նաեւ բժիշկների հետ: Հետազոտվածների 85 տոկոսը երբեք չի այցելել բուժհիմնարկներ՝ փորձելով առողջական խնդիրները հաղթահարել սեփական ուժերով: Թեեւ բուժծառայությունների դիմած երիտասարդներն էլ դժգոհություն են հայտնել ծառայություններից. նրանց 43 տոկոսը պնդում է, որ բժիշկներին դիմելու դեպքում արժանացել են անբարյացակամ վերաբերմունքի, հաճախ բժիշկը խախտել է գաղտնիության սկզբունքը: Իսկ 25 տոկոսը բժիշկների հետ ունեցել է ֆինանսական խնդիրներ: Արդյունքում այսօր վտանգված է նաեւ երիտասարդների վերարտադրողական առողջությունը:

Փորձագետները վկայում են, որ ստեղծված իրավիճակում տարեցտարի սեռավարակների տարածման տեմպերն աճում են, ինչը 40 տոկոսով ավելացնում է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով վարակվելու ռիսկը:

Դեռահասների եւ պատանիների առողջ ապրելակերպի համար լուրջ խոչընդոտ է նաեւ աղքատությունն ու գործազրկությունը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տվյալներով, թեեւ ներկայումս որպես գործազուրկ պաշտոնապես գրանցված է հայաստանցի երիտասարդների ընդամենը 20 տոկոսը, սակայն իրականում աշխատանք չունի երիտասարդների 60 տոկոսից ավելին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG