Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է Ազգաբնակչության օրը


Այսօր աշխարհում նշվում ազգաբնակչության օրը: Վերջին տվյալների համաձայն, այժմ երկրագնդի վրա ապրում է մոտ 6,5 միլիարդ մարդ, որոնց ուղիղ կեսը երիտասարդներ են: ՄԱԿ-ը այս օրը նվիրում է երկրագնդի մինչեւ 24 տարեկան բնակիչներին:

«Երիտասարդներին օգնելը ոչ միայն մեր պարտականությունն է, այլեւ անհրաժեշտ պայման՝ տնտեսության զարգացման համար», - օրվա առթիվ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:

Տարեցտարի կատարվող ուսումնասիրությունները եւս մեկ անգամ հաստատում են, որ երիտասարդների կրթության, վերականգնողական առողջության, աշխատանքային հմտությունների ու զբաղվածության ոլորտներում կատարված ներդրումները հետագայում մեծ արդյունքներ են տալիս: Վերջին տվյալներով, աշխարհում ապրող երիտասարդների մեկ քառորդը ստիպված է ապրել օրական 1 դոլարով, աշխարհի զարգացող երկրներում գրել-կարդալ չգիտեն 57 միլիոն տղա ու 100 միլիոն աղջիկ, ՁԻԱՀ նոր վարակակիրներից յուրաքանչյուր երկրորդը մինչեւ 24 տարեկան երիտասարդ է:

Այս առումով մտահոգիչ են նաեւ Հայաստանի ցուցանիշները: Վիճակագրական ծառայության ուսումնասիրությունների համաձայն, 2006 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանում գրանցվել է 27 նոր ՁԻԱՀ վարակակիր, նրանցից մեկը ընդամենը 14 տարեկան է:

«Մենք հաճախ ասում ենք, որ երիտասարդները մեր ապագան են: Դա ճշմարիտ է, սակայն նույնքան ճշմարիտ է պնդումը, որ երիտասարդները մեր ներկան են եւ մեր օգնության կարիքն են զգում հենց հիմա», - ասված է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG