Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմադիր ուժը ամիսներ շարունակ ներկայացված չէ ԿԸՀ-ում


Անցած տարի կայացած սահմանադրական հանրաքվեից հետո Ազգային ժողովում ներկայացված «Ազգային միաբանություն» կուսակցությունը զրկված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) անդամ ունենալու հնարավորությունից, քանի որ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս չի ստորագրել կուսակցության ներկայացուցիչ Զավեն Պլուզյանին կրկին ԿԸՀ անդամ նշանակելու մասին հրամանագիրը:

Կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Քոչարյանը անպատասխան է թողել խնդրի առնչությամբ իրենց ուղարկած երկու նամակները:

«Անցել է արդեն մոտավորապես մի 8-9 ամիս, բայց հրամանագրումը կատարված չէ, եւ օրենքով հասնող «Ազգային միաբանության» անդամի տեղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում թափուր է, եւ մենք չենք կարողանում ընտրական հանձնաժողովների եւ ընդհանրապես օրենքի հետ կապված մեր պարտավորությունները կատարել», - ասաց Կարապետյանը՝ հավելելով. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեր աշխատանքը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հրամանը չստորագրելու հետ կապված, պարալիզացված է»:

ԿԸՀ-ի անդամ, ընդդիմադիր «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը պաշտոնից ցուցադրաբար հրաժարվել էր անցած տարի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մի քանի օր առաջ: Հանրաքվեից հետո «Ազգային միաբանություն»-ը կրկին առաջադրեց Պլուզյանի թեկնածությունը:

Գործող ընտրական օրենսգրքի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը նշանակվում է երկրի նախագահի հրամանագրով, բայց նույն օրենքը չի նշում, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում պետք է նախագահը ստորագրի հրամանագիրը:

Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ ասաց, որ օրենքում որեւէ պարտադրանք չկա, ուստի նախագահը հրամանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ «հարմար գտնի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG