Մատչելիության հղումներ

logo-print

Մրցակցային կրթության սկզբունքը «կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»


Մրցակցային կրթության սկզբունքի կիրառումը, ըստ հայաստանյան որոշ բուհերի ղեկավարների ու դասախոսների հնչեցրած մտավախության, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ նոր ուսումնական տարում կարող է դատական գործընթացների առիթ հանդիսանալ:

«Բուհական եւ հետբուհական կրթության մասին» նոր օրենքը եւ կառավարության համապատասխան որոշումը 2005 թվականից հայաստանյան բուհերում սովորողների համար սահմանում են ուսուցման միանգամայն նոր կարգ: Ըստ այդմ՝ անվճար սովորելու եւ ուսումնական նպաստ ստանալու իրավունքը տրվում է ոչ թե պետպատվերով ընդունվածներին, այլ տարվա կտրվածքով գերազանց սովորող եւ հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին:

Սկզբունքն արդեն տարածվում է նախորդ ուսումնական տարվա առաջին կուրսեցիների վրա եւ, ըստ առաջադիմության մակարդակի, մինչեւ սեպտեմբեր կավարտվի նրանց փոխադրումը վճարովիից անվճար եւ հակառակը:

Բայց եթե պետպատվեր եւ վճարովի ընդունվածների համար սկզբունքի կիրառումը հիմնականում հստակ է եւ կանոնակարգային առումով խնդիր չի առաջացնում, ապա առանց պարտադիր զիվորական ծառայությունից տարկետման իրավունքի սովորող տարեկան շուրջ 2000 ուսանողները այստեղ լուրջ խնդիր ունեն, քանի որ հստակ չէ՝ մրցակցային կրթությունը նրանց վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Նախ, օրենքում չկա կետ, որ այսինչ կոնտինգենտի վրա չի տարածվում: Բայց մյուս կողմից կա «Կրթության մասին» օրենք, ըստ որի, նույնիսկ զեղչ չի նախատեսվում այս ուսանողների [առանց տարկետման իրավունքի] համար: Եթե նույնիսկ զեղչ չկա, որտե՞ղ է լոգիկան, որ սա կտարածվի», - ասում է Երեւանի ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը: - «Դա լուրջ պրոբլեմ է՝ համենայնդեպս, մեր 1000 ուսանողներին առնչվող: Եվ, եթե հանկարծ մենք հստակ չկողմնորոշվենք եւ սողանցք մնա, ուսանողը դիմի դատարան եւ կարողանա ապացուցել, որ իր վրա պետք է տարածվեր եւ չի տարածվել՝ կունենանք լուրջ պրոբլեմ».

Սակայն մրցակցային կրթության նոր համակարգը իր հետ արդեն բերել է հայաստանյան իրականությանը հատուկ այլ խնդիրներ եւս: Թեեւ այն կոչված է ծառայել սոցալական արդարությանը եւ օբյեկտիվությանը, դասախոսներից ոմանք փաստում են, որ ուսանողության որոշ շրջանակներում արդեն սկսվել են անվճար համակարգ ոչ օբյեկտիվ մեթոդներով անցնելու փորձերը, ինչը կոռուպցիայի ծաղկման լուրջ ռիսկեր է պարունակում:

«Վճարովի համակարգում սովորողների համար հայտնվում են բազմաթիվ միջնորդներ եւ, շատ հնարավոր է, որ անվճար ուսանողները արդյունքում տուժեն եւ հայտնվեն վճարովիում», - նշում է ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը: - «Գաղափարը, իհարկե, շատ լավն է, բայց միշտ չէ, որ այն կարող է լիարժեք գործել: Եվ միանշանակ է, որ այստեղ կարող են տեղ գտնել կաշառակերության մոմենտներ»:

Ուսանողների փոխանակումը կիրականացվի մրցութային կարգով՝ տարեկան առաջադիմության արդյունքների հիման վրա: Գործընթացը այս ամիսներին պետք է իրականացնեն եւ վերահսկեն հատուկ մանդատային հանձնաժողովները, որոնց կազմում կընդգրկվեն բուհերի ռեկտորատների, դասախոսական կազմի եւ ուսխորհուրդների ներկայացուցիչներ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG