Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին


Դաշնակցությունը որոշել է քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն արդար ու թափանցիկ անցկացնելու շուրջ:

«Գերագույն մարմինը նպատակահարմար եւ բնական գտավ խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ օրակարգում ունենալով մեկ նպատակ՝ փորձել կուսակցությունների ու քաղաքական ուժերի հետ քննարկումներ ծավալել առաջիկա ընտրություններում օբյեկտիվությունը, օրինականությունը եւ թափանցիկությունը ապահովելու՝ համատեղ ջանքերի վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային Ժողովի պատգամավոր, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

Դաշնակցությունը, ըստ նրա, որեւէ քաղաքական ուժի հետ խորհրդակցություններ անցկացնելը չի բացառում:

«Մենք մի քանի տարբեր ձեւաչափի միջոցառումներ ենք նախաձեռնել, որոնց մասնակցելու հրավերներ ենք ուղարկելու քաղաքական բոլոր ուժերին՝ առանց բացառության», - ասում է Սպարտակ Սեյրանյանը եւ հավելում. - «Բացառություն կարող են կազմել միայն այն քաղաքական ուժերը, որոնք ընդհանրապես ցանկություն չեն ունենա մասնակցել խորհրդարանական ընտրություններին կամ նպատակահարմար չեն գտնի ընտրությունների թափանցիկության եւ անաչառության շուրջ խորհրդակցություններ անցկացնել»:

Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Դաշնակցության այս նախաձեռնությունը նախորդ տարիների նման անարդյունք չի լինի, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. - «Իրոք, այն ժամանակ եւս Դաշնակցության Գերագույն մարմինը առաջարկեց ստորագրել հուշագիր, սակայն քաղաքական ուժերը, ցավոք, նաեւ ընդդիմությունը, չցանկացան ստորագրել նման փաստաթղթի տակ: Բայց դրանից չի բխում, որ չպետք է նորից նման առաջարկով դիմենք»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG