Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանը


Ազգային ժողովի՝ այսօր ավարտված արտահերթ նստաշրջանում պատգամավորները առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծին:

Հասարակական լայն՝ հիմնականում բացասական, արձագանքի արժանացած այս օրինագծի վրա մինչեւ աշնանային նստաշրջանը իշխանամետ խորհրդարանականները կաշխատեն կառավարության հետ միասին, իսկ նախագծին դեմ արտահայտված ընդդիմադիրները կաշխատեն Հյուսիսային պողոտայի բնակիչների պաշտպանության կոմիտեի հետ՝ իրադրությունից այլ ելքերով դուրս գալու համար:

«Արդարություն» խմբակցության անդամ, ՀԺԿ ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանրահավաքներ ու զանգվածային այլ միջոցառումներ «այսօրվա դրությամբ» չեն նախատեսվում:

«Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի», - հավելեց նա:

Իսկ ամառային արձակուրդը, Հարությունյանի խոսքերով, իրենք օգտագործելու են «կուսակցական ակտիվի հետ հանդիպումներ անցկացնելու համար» եւ ուժերը վերականգնելու համար, որովհետեւ «սպասվում է լուրջ պայքար 2007 թվականին [խորհրդարանական ընտրությունների ժամանակ]»:

Դե ֆակտո 17 անդամ ունեցող «Ժողպատգամավոր» խումբը, խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի խոսքերով, նույնպես թե’ հանգստի, թե’ քաղաքական որոշումների է տրամադրված:

«Արդեն իսկ քննարվում է խմբում վաղվա մեծամասնության խնդիրը», - ասաց նա: - «Այսինքն՝ մենք պետք է փորձենք ձգտել դառնալ մեծամասնություն: Կփորձենք համագործակցել այն ուժի հետ, որի հետ հնարավոր է ձեւավորել հաջորդ խորհրդարանում մեծամասնություն»:

Կարապետյանը չհերքեց իր՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության մասին մամուլում հայտնված հրապարակումները՝ ասելով. - «Չի բացառվում նաեւ այդ տարբերակը»:

«Բոլոր քաղաքական ուժերը մեր համար քննարկման առարկա են», - ավելացրեց նա: - «Մենք, ինչպես գիտեք, որոշակի ռեսուրսներ ունենք որպես «Ժողպատգամավոր» եւ այս ռեսուրսները մենք կուզենանք ինտեգրել այն ուժերի հետ եւ համագործակցել այն ուժերի հետ, որպեսզի վաղը կարողանանք որակյալ մեծամասնություն կազմել»:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը խոսեց ընտրությունների ոչ պաշտոնական բավական վաղ մեկնարկի մասին երկրում, որի մեջ իրենց խնդիրը «մոբիլիզացիայի հարցն է», քանի որ «այս իմիջով [իշխող կուսակցության]» առաջին անգամ են մասնակցում ընտրությունների:

ՀՀԿ-ն ամառային հանգստի կանցնի հուլիսի 22-ին արտահերթ համագումար անցկացնելուց հետո:

Կոալիցիայից հեռացած «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը վկայակոչեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, որը «Օրինաց երկիր» կուսակցության կանանց համագումարի ժամանակ ասել էր, որ «աշնան կողմը մենք կսկսենք կոնսուլտացիաների գործընթաց այն քաղաքական ուժերի հետ, որոնք առողջ են»:

Խորհրդարանն այսօր վերջապես ամբողջովին ընդունեց Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրմանն առնչվող փաթեթը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG