Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպես տեղեկացանք ստեփանակերտյան մեր աղբյուրից, վերջին 3֊-4 ամիսներին կտրուկ վատացել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունները», - գրում է այսօր «Իրավունք»-ը: - «Թե ի՞նչն է դրա ստույգ պատճառը, տակավին հայտնի չէ, սակայն ենթադրելի է, որ դա կապ ունի ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարության միջեւ առկա որոշակի տարաձայնությունների հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իր աշխատակազմի հետ շփումների ժամանակ Արկադի Ղուկասյանը չի տալիս Սերժ Սարգսյանի անունը, այլ մշտապես օգտագործում է Սերժ Սարգսյանի համար ոչ հաճելի ածական: Ի դեպ, այս ամենը վերջերս արտահայտվել է նաեւ հրապարակավ, երբ շախմատի հետ կապված Արկադի Ղուկասյանը օրերս, իբր կատակով, ասել էր. «Միակ մարդը, ով կապ չունի Ղարաբաղի հետ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է»»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասում է. - « Այլ է հայ֊-ադրբեջանական հակամարտության իշխանական ընկալումը Երեւանում կամ Բաքվում, եւ այլ է նույն իրավիճակի ժողովրդական ընկալումը: Երկու երկրներում էլ կա բարձրաստիճան պետական պաշտոնյաների մի բանակ, որը կայացել է այս հակամարտության շնորհիվ: Այս իրականությունը նրանց սնող միջավայրն է, որից դուրս նրանք չեն կարող գոյություն ունենալ: Իսկ երկու ժողովուրդները պետք է, կարող են, ցանկանում են ու կապրեն խաղաղ՝ վստահ եմ: Խաղաղությունն այլընտրանք չունի: Դրա այլընտրանքը պատերազմն է: Հարյուրամյակներ շարունակ այս ժողովուրդներն ապրել են միասին, նույն տարածքներում, նույն գյուղերում եւ, ըստ էության, անկախ ազգային պատկանելությունից՝ բոլորն էլ այս երկիրը համարել են իրենց հայրենիքը: Սա ընդհանուր հայրենիք է»:

«Հայաստանի Հանրապետության»-ը Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման եւ ենթակուցվածքների զարգացման նախարարությունից տեղեկացրել են, որ հուլիսի 1-֊ից երկրի տարածքում սահմանվել է էլեկտրաէներգիայի նոր սակագին: Յուրաքանչուր կիլովատտ/֊ժամի դիմաց այսուհետ 14֊-ի փոխարեն սպառողները կվճարեն 20 դրամ: «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Սլավա Գաբրիելյանը, պարզաբանելով նոր սակագնի կիրարկման անհրաժեշտությունը, նշել է, որ այն պայմանավորված է էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կտրուկ ավելացմամբ. - «Այս տարի հանրապետությունում կծախսվի 218֊-220 միլիոն կիլովատ֊տ/ժամ էլեկտրաէներգիա, որից շուրջ 130֊-ը անհրաժեշտ կլինի գնել Հայաստանից»:

«Ի՞նչ են անում իշխանությունները: Նրանց արածը հետեւյալն է. Քոչարյանի շրջապատից որեւէ մեկը շրջում է Երեւանի կենտրոնով, գտնում ինչ֊-որ տարածք, որտեղ կարելի է «էլիտար շենք» կառուցել, հետո գնում ու «կառավարության որոշում հանում», որ այդ տարածքը «պետության կարիքների համար» խիստ անհրաժեշտ է», - նկարագրում է «Չորրորդ իշխանություն»-ը: Հետո նույն այդ թայֆայից մեկը (որպես կանոն՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մերձավորներից) գալիս է, գնահատում մարդկանց ունեցվածքը ու ինչ֊-որ չնչին գումար առաջարկում: Ուզում ես՝ վերցրու, չես ուզում՝ ուժով կխլենք, ակտիվ դիմադրողներին էլ կնստեցնենք»:

«Ժամանակ Երեւան» թերթում գրող եւ թարգմանիչ Սամվել Մկրտչյանը պատմում է. - «Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մի քանի խաղերի ժամանակ Հայաստանում չէի եւ օտար ափերում էի դիտում խաղերը: «Տհաճ» զարմանք ապրեցի. ոչ մի հաղորդավար բոլորովին չէր խոսում խաղադրույքների ու գործակիցների մասին՝ նրանք իրենց գործն էին անում, ինչպես վայել է պրոֆեսիոնալին. այսինքն՝ ճիշտ լեզվով ճշտորեն մեկնաբանում էին խաղը: Իսկական մեկնաբաններ են, ոչ թե բուքմեյքերական դուրսպրծուկ ընկերությունների դուրսպրծուկ կիսագրագետ չարչիներ, ովքեր առանց պատրաստվածության միշտ «պատրաստական» «պատրաստակամությամբ» պատրաստ են պատրաստի տուֆտոլոգիաների: Այսինքն՝ փողի մասին ավելի շատ են խոսում, քան կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG