Մատչելիության հղումներ

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում այսօր քննարկված օրինագծերից ոչ մեկը, այդ թվում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի եւ Հայաստանի անկախության հռչակման 15-ամյակի կապակցությամբ հայտարարվելիք համաներման մասին նախագծերը քվեակության չդրվեցին: Քվեարկությունը հետաձգվեց վաղվա նիստին:

Ազգային ժողովի շենքի դարպասի մոտ, մինչդեռ, երբ արտահերթ նստաշրջանը սկսեց քննարկել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը, Հյուսիսային պողոտայի տարածքի, Դալմայի այգիների եւ այլ տուժած սեփականատերերի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով, որ պատգամավորները չհաստատեն նախագիծը:

Տուժած սեփականատերերը պատճառաբանում են, որ այդ օրենքի նախագծով արդարացվում են սեփականության օտարման նախորդ փուլերը:

Նրանք ստեղծել են համակարգող շտաբ եւ մտադիր են որոշ քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ միասին պահանջել կառավարության հրաժարականը, որին մեղադրում են սեփականության օտարման նախորդ փուլում իրենց հետ տեղի ունեցած ամբողջ գործընթացի համար:

«Մեզ ասում են, որ մենք քաղաքական հարց ենք բարձրացնում. իրոք, սա քաղաքական հարց է՝ կոռուպցիա է, թալանչիություն», - ասաց Հյուսիսային պողոտայի բնակիչների պաշտպանության կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանը:

Հակոբյանը քննարկվող օրինագիծը անվանեց իրենց հանդեպ տեղի ունեցած «անօրինականությունների օրինականացում»:

Նա տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են «փրկության ահազանգ-նամակներ» հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդին, միջազգային այլ կազմակերպություններին:

Ցուցարարներին նպատակահարմար չհամարեց հանդիպել օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ փաստարկելով, թե այդ դրվել էր հրապարակային քննարկման եւ «շատ առաջարկություններ հաշվի են առնվել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG