Մատչելիության հղումներ

Բուշը խոստացել է օգնել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը չորեքշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ խոստացել է աջակցել Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

«Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն կշահի Վրաստանի անդամակցությունից, եւ կարծում եմ, Վրաստանը նույնպես կշահի»,- ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, հայտարարել է նախագահ Բուշը եւ հավելել.- «Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ում մեր գործընկերների հետ, որպեսզի տեսնենք՝ հնարավոր է արդյո՞ք մի փոքր հարթել դաշինքին Վրաստանի անդամակցելու ճանապարհը: Վրաստանը դեռ անելու շատ բան ունի, եւ նախագահ Սահակաշվիլին դա հասկանում է: Ես ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակից եմ: Կարծում եմ, դա աշխարհի շահերից է բխում, որ մենք ընդլայնենք ՆԱՏՕ-ն»:

«Մենք ընդհանուր ժողովրդավարական սկզբունքներ ենք կիսում: Ես հավատացրել եմ նախագահին, որ Վրաստանը մեր բարեկամն է, եւ մենք հոգ ենք տանում Վրաստանի ժողովրդի մասին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Միխեիլ Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել է «Վրաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերը»:

«Հանդիպումը Վրաստանի համար պատմական էր: Ես դրանում համոզված եմ, եւ Վրաստանի ժողովուրդը կտեսնի հանդիպման արդյունքները», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Ջորջ Բուշի հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման եւ էներգետիկ համագործակցության հարցերը: Ի թիվս այլ խնդիրների, ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահները անդրադարձել են նաեւ այս ամիս Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին:

Վրաստանի նախագահի աշխատակազմից «Նովոստի» գործակալությանը հայտնել են, որ հինգշաբթի օրը կայանալու է Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպումը ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ: Քննարկվելու են Վրաստանով դեպի Եվրոպա ադրբեջանական նավթի արտահանման հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG