Մատչելիության հղումներ

Աճուրդի է հանվելու Ժակ Շիրակի գինիների հավաքածուն


Փարիզի իշխանությունները որոշել են աճուրդի հանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի գինիների հանրահայտ հավաքածուն: Ֆրանսիացի գինեգործների արտադրանքի նմուշները Շիրակը սկսել է հավաքել դեռ 80-ականներին, երբ Փարիզի քաղաքապետն էր:

Անկախ աուդիտորների անցկացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ Փարիզի քաղաքապետարանի մառանում 5000 շիշ գինի կա՝ մնացած դեռ Շիրակի պաշտոնավարման ժամանակաշրջանից:

Ֆրանսիացիներից շատերի համոզմամբ, այս քայլով Փարիզի քաղաքային իշխանությունները փորձում են վերջնականապես հրաժեշտ տալ կառավարման «շիրակյան» ոճին: Նրա քաղաքապետ եղած շրջանն աչքի էր ընկնում կոռուպցիոն սկանդալներով, քաղաքապետարանում կազմակերպվող շքեղ ընդունելություններով:

Ըստ տեղական մամուլի, Ժակ Շիրակն ու իր տիկինը՝ Բերնադետը, միայն 1987-ից մինչեւ 1995 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսությունների ու ճաշկերույթների կազմակերպման վրա ծախսել են 3 միլիոն դոլար բյուջետային գումար: Այդ շրջանում քաղաքապետարանում օգտագործված գինու քանակը հաշվվում էր տոննաներով՝ մոտ 30 հազար շիշ: Այսօր այդ ցուցանիշը գրեթե կրկնակի իջել է:

«Գինու մառանի գոյությունը պետական հիմնարկությունում ավելորդ ճոխություն է», - այսօր պնդում են Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG