Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները կոչ են անում փոխել Արման Բաբաջանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը


Չորեքշաբթի օրը մի շարք հասարակական կազմակերպություններ հրապարակել են համատեղ հայտարարություն, որով կոչ են անում իրավասու մարմիններին փոխել հունիսի 26-ին ձերբակալված «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

Արման Բաբաջանյանը ձերբակալել է Հայաստանի գլխավոր դատախազությունը հունիսի 26-ին՝ հունիսի 24-ին հարուցված քրեական գործի հիման վրա: Մեկ օր անց՝ հունիսի 27-ին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ իբրեւ խափանման միջոց կիրառել կալանքը:

Երեւանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Հայաստանի հելսինկյան կոմիտեի, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության, Իրավունքի եւ ազատության կենտրոնի եւ Հայաստանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ղեկավարները գրում են. - «Մեզ համար ի սկզբանե մտահոգիչ էր «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրին դատախազություն «հրավիրելու» ձեւը, առաջին հարցաքննությանը «ներկա եղած» փաստաբանի անունը չհրապարակելը: Կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելն էլ ավելի մեծ արձագանք ունեցավ, որովհետեւ դա նախ՝ ընկալվում է իբրեւ հարված թերթին, եւ երկրորդ՝ դիտարկվում է իբրեւ լրագրողի, առավել եւս՝ ընդդիմադիր լրագրողի խոսքի ազատության իրավունքի ոտնահարում եւ նրա ծավալած գործունեության պատասխան»:

«Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, չբացառելով տվյալ գործով քրեական հետապնդման իրականացումը, մեր մտահոգությունն ենք հայտնում այս դեպքում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու փաստի առթիվ եւ այն գնահատում ենք իբրեւ անկախ լրատվամիջոցի նկատմամբ ճնշում: Կոչ ենք անում փոխել խափանման միջոցը, առավել եւս, որ Արման Բաբաջանյանն արդեն ցուցադրել է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու քննչական մարմնի հետ եւ որեւէ մտադրություն չունի խոչընդոտելու քննության ընթացքը», - գրում են հայտարարության հեղինակները:

30-ամյա ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանի նկատմամբ, քրեական գործը հարուցվել էր շաբաթ օրը՝ «2002 թվականի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ»:

Հայաստանյան մամուլում երեկ հրապարակվել է Բաբաջանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով «Ազգ», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «168 ժամ», «Իրավունք», «Հայկական ժամանակ», «Տարեգիր» թերթերի գլխավոր խմբագիրների հայտարարությունը:

«Նպատակ չունենալով միջամտել քննության ընթացքին, դատապարտելով անմեղության կանխավարկածի խախտմանն ուղղված յուրաքանչյուր դրսեւորում, մենք` հայաստանյան լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս պահանջում ենք օրենքով սահմանված կարգով փոխել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խափանման միջոցը, կալանքը փոխարինելով գրավով, կամ ստորագրությամբ չհեռանալու մասին», - գրում են թերթերի գլխավոր խմբագիրները:

«Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է միջին ծանրության քրեորեն հետապնդելի հանցանքի, որը շոշափում է երկրի պաշտպանունակության խնդիրները, եւ նման դեպքերում սովորաբար կիրառվում է կալանք: Այս առումով Արման Բաբաջանյանը բացառություն չէ», - անցած շաբաթ պարզաբանել էր Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

Ըստ վիճակագրության, ժամկետային զինծառայությունից խուսափելու համար 2005 թվականին քրեական գործ է հարուցվել 76 մարդու նկատմամբ եւ բոլորի համար էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG