Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանադրական փոփոխությունները «նոր հեռանկարներ են բացում մեր երկրի եւ ժողովրդի համակողմանի զարգացման համար»


Այսօր Հայաստանում նշվող Սահմանադրության օրվա կապակցությամբ հղած ուղերձում երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեկ անգամ եւս շեշտելով 2005 թվականին կատարված փոփոխությունների կաեւորությունը, նշել է, որ դրանք «նոր հեռանկարներ են բացում մեր երկրի եւ ժողովրդի համակողմանի զարգացման համար, ապահովում են իշխանության ճյուղերի առավել հավասարակշռված գործունեությունը, ուժեղացնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը»:

Գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով, փոփոխվել է ու լրացվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ նույնպես հանրաքվեով: Արեւմուտքի աջակցությունը վայելող այդ փոփոխություններով նշանակալիորեն կրճատվել են երկրի նախագահի լիազորությունները:

«Պետության զարգացմանը եւ ժամանակի նոր պահանջներին համընթաց անցյալ տարի կյանքի կոչված սահմանադրական բարեփոխումները ենթադրում են ՀՀ օրենսդրության մեջ եւս զգալի եւ արմատական բարեփոխումներ, եւ այդ ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանք է իրականացվում ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների կողմից», - ասված է տոնի կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հղած ուղերձում: - «Վստահ եմ, որ ՀՀ Սահմանադրությունը այսուհետ եւս կլինի մեր երկրի առաջընթացի, անկախ պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը»:

«Ազատություն» ռադիոկայանի՝ Երեւանի փողոցներում անցկացրած հարցախույզը ցույց է տալիս, որ մարդիկ կան, ովքեր նշելու են տոնը, կան նաեւ մարդիկ, ովքեր մինչեւ հիմա չեն հասկացել, թե իրենց հետ ինչ կապ ունի այդ տոնը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG