Մատչելիության հղումներ

Անցկացվում է հերթական դիտարկումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ հուլիսի 4-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը Մարզիլի բնակավայրի շրջանում եւ Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սակայն Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածի դիտարկման ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, որը դիտարկում էր անցկացնում ադրբեջանական կողմից, ԱՀ բանակի երկրորդ սահմանագծից հայտնել է իրենցից մեկ կիլոմետր դեպի ձախ ընկած մասից հնչած կրակոցի մասին: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող ԵԱՀԿ առաքելությունը կրակոց չի լսել: Նկատի առնելով այն հանգամանքը, որ, ի խախտումն պայմանավորվածության, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս է բերել ոչ թե իր առաջին, այլ կողմերի շփման գծից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող երկրորդ գիծը, ղարաբաղյան կողմից դիտարկման մասնակիցները բոլոր հիմքերն ունեն հայտարարելու ԵԱՀԿ առաքելությանը, որ կրակել են ադրբեջանական բանակի դիրքերից», - նշված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ադրբեջանական day.az ինտերնետային կայքը, մինչդեռ, երեկ հաղորդել էր, թե դիտարկման ընթացքում կրակը բացվել է հայկական կողմից:

Հուլիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Կուրոպատկինո եւ Աշաղի Վեյսալի բնակավայրերի շրջանում:

Արտգործնախարարության հաղորդագրությունը փոխանցում է նաեւ, որ ԵԱՀԿ դիտարկման խմբին ուղեկցող` ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ «հակառակ ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերի հրկիզումների մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության, դիտարկման մասնակիցները այդպիսի փաստեր չեն արձանագրել»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG