Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները իշխանություններին կոչ են անում «մոռանալ տարածքներ վերադարձնելու մասին»


Արցախյան ազատամարտին մասնակցած մոտ 2 հազար ազատամարտիկների ներկայացնող տարբեր ջոկատների հրամանատարները կտրականապես դեմ են փոխզիջման արդյունքում որեւէ տարածք ադրբեջանական կողմին հանձնելուն:

«Նա, ով ձեռք կբարձրացնի մեր Հայրենիքի թեկուզ ամենափոքր մասի վրա, մեխանիկորեն իրեն դնում է թուրք զավթիչի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով», - ասված է ազատամարտիկների՝ երեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ: - «Կոչ ենք անում բոլոր հայրենասեր ուժերին այս օրհասական պահին միավորվել եւ պաշտպանել մեր վտանգված Հայրենիքը»:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «տարածքները հանձնելու Հայաստանի իշխանության պատրաստակամությունը» դիտարկում է ոչ թե իբրեւ փոխզիջում, այլ՝ «պարտվողակաություն եւ Հայաստանի դիվանագիտության ձախողում». - «Սա փոխզիջում չէ, սա տանուլ տալ է... Մարդիկ կուտակել են իրենց միլիարդները եւ, բնական է, իրենց միլիարդների համար վախենում են...»:

«Ես 21 անհայտ կորած ունեմ «Արաբո» ջոկատից, ես նրանց մայրերին ի՞նչ ասեմ», - զայրացավ Եղիազարյանը՝ տարակուսելով, թե ինչո՞ւ են լռում կառավարությունում «իրենց ազատամարտի մասնակից ներկայացնողները»:

«Արաբո» ջոկատի հրամանատարը, այդուհանդերձ, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նախագահը «նման քայլի չի գնա»: Բայց եթե դիմի այդ քայլին, ապա «պարոն Քոչարյանը թող իմանա, որ կողքի իշխանավորները, որոնք հորդորում են նրան գնալ այդ քայլին, վաղը ամենաբարձրն են գոռալու, որ դավաճանը Ռոբերտ Քոչարյանն է»:

«Նախագահ կլինի թե նախարար՝ ոչ ոք թող չհամարձակվի այդ հողերը ետ տալ. այնտեղ մեր եղբայրներն են զոհվել, եւ այդ հողերը շատ կարեւոր են մեզ համար», - ասաց «Անկախության բանակ» միավորման հրամանատարներից Լյովա Սահակյանը:

Հարցին, թե փաստորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, իրենք ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը, ազատամարտիկ Միշա Ապրեսյանը պատասխանեց, թե Ղարաբաղը ազատագրելուց հետո փոխզիջման իմաստ իրենք չեն տեսնում:

Իսկ Մանվել Եղիազարյանի կարծիքով, եթե Հայաստանը հինգ շրջան է վերադարձնում Ադրբեջանին, ապա Ադրբեջանն էլ պետք է, իր հերթին, հինգ շրջան փոխանցի Հայաստանին (Շահումյանը, Մարտունաշենը, Գետաշենը, Խանլարը եւ այլն):

Ազատամարտիկները, այսպիսով, Հայաստանի իշխանություններին կոչ են անում «վերջ տալ պարտվողականությանը» եւ «մոռանալ տարածքները վերադարձնելու մասին»՝ խոստանալով «ամեն գնով» պահպանել դրանք:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG