Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով, շաբաթ օրը Սեւանա լճի ափին գտնվող Հարսնաքար համալիրում «մեծ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Սերժ Սարգսյանը, բազմաթիվ ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ողջ վերնախավը»: «Հանդիպման ընթացքում ներկաները որոշել են, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը, եւ նրան հավատարմության երդումներ են տվել», - գրում է թերթը՝ փոխանցելով նաեւ. - «Հատկապես ակտիվ են եղել մարզպետները եւ քաղաքապետները, որոնք խոստացել են կատարել «շեֆի» ցանկացած հրաման»:

«Եթե ամբողջ իշխանության որոշումն է պաշտպանության նախարարին նախագահացու դարձնելը, ապա հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է ամեն հնարավորն անեն պետական հեղաշրջումը կանխելու համար», - գրում է «Ժամանակ Երեւան» թերթը:

«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը նշում է. - «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է դառնալ նախագահ, եւ եթե Քոչարյանին ձեռնտու էր երկու-երեք համարժեք կուսակցություն ունենալ, ապա Սարգսյանը կարծես թե լեզու է գտել ՀՀԿ-ի հետ, եւ ինչպես մի ժամանակ Վազգեն Սարգսյանն արեց, հիմա էլ Սերժն է օգտագործում ՀՀԿ-ի կեղեւը»։ Հարցազրույցում անդրադառնալով իշխանական քաղաքական ուժերին՝ Մանուկյանը ասում է. - «Թե հիմա ներսում ի՞նչ գզվռտոց է գնում, ինչո՞ւ է ՀՀԿ-ի ռեսուրսը իշխանական այլ կուսակցությունների հաշվին ավելացվում, անկեղծ ասած, դա ինձ շատ քիչ է մտահոգում, որովհետեւ մի բան հստակ է՝ ժողովրդի 70 տոկոսը դեմ է իշխանական բոլոր կուսակցություններին։ Ու այս դեպքում խնդիրն այն է, թե ինչպե՞ս կարելի է իրացնել այդ դժգոհությունը, այլապես, եթե իրենց սցենարներին թողնվի, իրենք իրար մեջ ամեն ինչ բաժանելու են։ Մինչդեռ, ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարման այս ձեւն արդեն հնացած է. այդ քաղաքական գործիչները, այդ կուսակցությունները, որոնց թվում է, թե երկիրը շարունակելու է նույն կերպ կառավարվել, որ իրենք իրենց վարչապետին պետք է բերեն, որ Սերժ Սարգսյանը պետք է դառնա նախագահ, ես այժմվանից կարող եմ ասել, որ նման մարդկանց եւ նման ձեւով ընտրություններ անցկացնելու ժամանակը անցել է»։

«Իրավունք»-ը եւս հարցազրույց է ներկայացնում ԱԺմ նախագահի հետ, որտեղ, անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, Վազգեն Մանուկյանը շեշտադրում է. - «Քանի դեռ Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, բանակցություններն ապարդյուն են անցնելու: Ես նույնիսկ կոչ կանեի Արեւմուտքին, որ մի 5 տարով մորաթորիում հայտարարեր այս իրավիճակի վրա եւ այդ ժամանակը ծախսեր Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ: Որ այս երկու երկրները դառնային այնպիսի երկրներ, ուր հարգվեին մարդու իրավունքները, պայքար ծավալվեր աղքատության դեմ, զարկ տրվեր արդյունաբերությանը: Այդ նոր կարգավիճակով ավելի հեշտ կլինի հարցը լուծել, քան հիմա, որ տարվում են անպտուղ բանակցություններ»:

«Մենք խնդրի արագ եւ փոխզիջումային կարգավորման կողմնակից ենք», - «Առավոտ»-ի հարցազրույցում ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով. - «Այլ հարց է, որ բազմիցս շեշտել ենք, թե Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, որոնք չունեն հասարակական ռեսուրս, չունեն հնարավորություն առաջարկվող փաթեթին «այո» կամ «ոչ» ասելու: Մենք չենք հավատում, թե այս իշխանությունները կգնան լուծման՝ երկու երկրների իշխանություններն էլ խնդրի սառեցման կողմնակից են. դա բխում է իրենց անձնական ու իշխանապաշտական շահերից»:

«Հայոց Աշխարհ»-ում վերլուծաբան Հայկ Դեմոյանը բացահայտում է. - «Բրայզայի հայտարարությունը եւ Մինսկի խմբի համանախագահների՝ նախօրոք նախապատրաստված հայտարարությունը... դասական ինֆորմացիոն օպերացիա էր, որի հիմնական առաքելությունը շոկային ազդեցության միջոցով կողմերի տրամադրությունները շոշափելն էր՝ պատասխան արձագանքին հետեւելը... Հայկական կողմը, ըստ իս, առաջին պահին ճիշտ չկողմնորոշվեց եւ, չգիտես ինչու, նեղացածի կեցվածք ընդունեց։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը, ի դեմս արտգործնախարարության մամուլի քարտուղարի, չհապաղեց արձանագրել, որ այդ հայտարարությունը ադրբեջանական կողմին ձեռնտու է»։ Նույն թերթում միջնորդների բացահայտումներին անդրադառնում է նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը. - «Հավանաբար համարում են, որ երկու երկրների նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը, բավարար ջանքեր չեն գործադրել իրենց երկրների ներսում բանակցային գործընթացը ներկայացնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակություններին լուծման նախապատրաստելու համար։ Եվ որոշեցին այս ձեւով հասարակական քննարկում հրահրել՝ բանակցային փաթեթից ինչ-որ առանձին մանրամասներ բացահայտելով»։

«Տարեգիր» թերթի փոխանցմամբ, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծելու՝ միջազգային հանրության հնարավոր պարտադրանքի մասին հարցին, արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է. - «Մեկ տարի առաջ մեր դիրքորոշումները 180 աստիճանով տարբերվում էին, այս մեկ տարվա ընթացքում որոշ մերձեցում կա, բայց այս պահին ինձ համար դժվար է ասել՝ արդյո՞ք տարբերությունները այնքան փոքր են, որ միջազգային հանրության լրացուցիչ ճնշման դեպքում մենք հնարավորություն կունենանք հասնել հարցի կարգավորմանը»:

Նույն թերթում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասում է. - «Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը Քոչարյանի հրաժարականն է եւ նոր մոտեցումների դրսեւորումը բանակցային գործընթացում»:

Ռեժիսոր Արմեն Մազմանյանը «վաճառել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «ոյակ» մշակութային կենտրոնի տարածքը», եւ «գնել է «Ինֆինիթի» ջիփ, որի շուկայական արժեքը մոտ 100 հազար դոլար է»: Այսպիսի նախաբանով «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է Մազմանյանի հետ հարցազրույց, որտեղ վերջինս ասում է. - «Գոյակի» կոմերցիոն գործունեության հաշվին են առ այսօր ապրել բոլոր մշակութային ծրագրերը: Ես կարող էի այդ գումարներով ոչ թե «Ինֆինիթի» քշել, այլ սամալյոտ: Ես գերադասել եմ իմ եկամուտները ներդնել մշակույթի մեջ եւ դա համարում եմ իմ կյանքի ծրագիրը: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ ես իմ ունեցած տներն եմ ծախել, ապրում եմ կնոջս տանը, բայց «Ինֆինիթի» եմ քշում: Լավ եմ անում: Սա էլ իմ սոցիալական պրոտեստն է, որովհետեւ լուրջ երկրներում ամենահարուստ մարդը արտիստն է, եւ նա է քշում սամալյոտ: Էս երկրում, չգիտեմ, Ճպիկի, Պտիկի ախպոր վարորդն է քշում, ես էլ կարծեցի, որ այդ իներցիան խախտելու ժամանակն է: Ես երազում եմ այդ օրը, որ իմ քաղաքի արտիստները քշեն «Ինֆինիթի», իսկ Ճպիկի վարորդը քշի զապ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG