Մատչելիության հղումներ

Համանախագահները կրկին հորդորել են նախագահներին լուծել Ղարաբաղի հարցը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հրապարակած համատեղ հայտարարության մեջ համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին առաջարկել են «հիմնարար սկզբունքների արդարացի, հավասարակշռված եւ գործունակ մի փաթեթ, որը կարող է երկու կողմերի համար ճանապարհ հարթել՝ կարգավորման հեռանկարային համաձայնագրի մշակման համար»:

Համանախագահները կրկին շարադրել են այն սկզունքները, որոնք նշված են վերջերս Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացված նրանց զեկույցի մեջ: Առաջին անգամ նշվում է, որ նախատեսվում է նաեւ միջանցք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, ինչպես այդ մասին ասում էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերում՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ (ներառելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցք)», - ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահները նաեւ նշում են, որ չնայած Բուխարեստում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ, այնուհանդերձ, «համանախագահները շարունակում են հավատալ, որ բանակցությունների վերջին երկու տարիների ընթացքում մշակված առաջարկները լավագույն հնարավորությունն են ընձեռում խնդրի արդարացի եւ տեւական կարգավորմանը հասնելու համար»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես համոզված են, որ եկել է ժամանակը, որպեսզի երկու երկրների նախագահները՝ հիմնվելով այս սկզբունքների վրա, ձեռնամուխ լինեն կարգավորման գործընթացում առաջխաղացում կատարելուն: Նախագահների պատրաստակամության դեպքում՝ համանախագահները պատրաստ են աջակցել կողմերին՝ ավարտին հասցնելու համաձայնության գործընթացը», - ասված է հայտարարության մեջ:

«Չնայած մոտ ապագայում համանախագահների աջակցությամբ կողմերի համար լրացուցիչ հանդիպումներ նախատեսված չեն, այնուամենայնիվ, նրանք պատրաստ կլինեն նորից մասնակցել, եթե կողմերը որոշեն շարունակել բանակցություններն այն քաղաքական կամքով, որը մինչ այժմ բացվակայել է»,֊ - եզրափակել են համանախագահները:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG