Մատչելիության հղումներ

Սիմոն Ծատուրյան. «Հույս ունենք, որ Մոսկվան էլ մի օր կմաքրեն սկինհեդներից»


Ինչպես պնդում է Մոսկվայի քաղաքային դատախազությունը, շաբաթ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Կուզնեցկի մոստ» կայարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը վերաձեւակերպվել է:

Տեղի ունեցածը տրանսպորտային դատախազությունն արդեն հետաքննում է ոչ թե որպես պարզ խուլիգանություն, այլ ազգային անհանդուրժողականության հիմքի վրա կատարված հարձակում: Մոսկվաբնակ փաստաբան Սիմոն Ծատուրյանը «օրինաչափ» է համարում իրադարձությունների զարգացման նման ընթացքը:

«Որոշումը լիովին օրինական է, եւ կային դրա կայացման իրական հիմքերը», - ասաց Ծատուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ ռուսաստանյան մամուլում հայտնված տեղեկությունները, թե հարձակման են ենթարկվել միայն երկու հայեր, իրականությանը չի համապատասխանում: Իրականում, ըստ Ծատուրյանի, տուժածների թիվն ավելի մեծ է:

Նախ սկինհեդները «Կուզնեցկի մոստ» կայարանի կառամատույցում հարձակվել են 20-ամյա Վաչե Թովմասյանի եւ նրա ադրբեջանցի համակուրսեցու վրա. - «Թովմասյան Վաչեն Ռուսաստանի Առեւտրի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է: Ասեմ միանգամից՝ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Հարձակման է ենթարկվել «Կուզնեցկի մոստ» կայարանի պլատֆորմում 20-25 հոգու կողմից: Ընդ որում՝ այնտեղ [Թովմասյանի հետ] եղել նաեւ մի ադրբեջանցի տղա` Ալիեւ ազգանունով»:

Վաչե Թովմասյանը, հավելենք, ենթարկվել է վիրահատության. վնասված է եղել նրա ջախ ձեռքի ներվը: Մոսկովյան մամուլում հիշատակված մյուս հայը` Վարազդատ Հակոբյանը, հարձակման է ենթարկվել նույն «Կուզնեցկի մոստ» կայարանում սափրագլուխների նույն խմբի կողմից:

«Վարազդատ Հակոբյանին ծեծի են ենթարկել նույն «Կուզնեցկի մոստ» կայարանում` բուն վագոնում: 4 հոգով են եղել` Չոպիկյան եղբայրները, Գեւորգյան Վարդանը [եւ Վարազդատ Հակոբյանը]: Բոլորին էլ ծեծի են ենթարկել, բայց դանակի վնասվածքը ստացել է Վարազդատը: Սկլիֆոսովսկու հիվանդանոցում ես տեսա նրան` վնասվածքները վզի եւ մեջքի շրջանում էին», - փոխանցեց Սիմոն Ծատուրյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG