Մատչելիության հղումներ

Բժշկական պրակտիկան՝ Գերմանիայում


Բշկական համալսարանը համագործակցում է IFMSA (Internatiօnal Fellowship of Medical Students Association) միջազգային կազմակերպության հետ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին փոխանակման ծրագրերով մեկնել տարբեր երկրներ եւ այնտեղ անցնել ամառային ուսումնական պրակտիկան: Ծրագիրը անվճար չէ, այլ իրականացվում է ուսանողների միջոցներով եւ անհրաժեշտ պայման է՝ որեւէ օտար լեզվի իմացությունը:

Պրակտիկայի տեւողությունը չորս շաբաթ է, որի ընթացքում ուսանողը պրակտիկա է անցնում հիվանդանոցի՝ իր ընտրած բաժանմունքում:

Նախորդ տարի պրակտիկա անցնելով Երեւանի հիվանդանոցներից մեկում, Բյուրակնը եկել է այն տխուր եզրակացության, որ եթե ուզում ես բժիշկ դառնալ, մեր ուսումնական պրակտիկայի վրա հույս դնել չես կարող: «Թե բժիշկները, թե քույրերը արհամարհանքով էին մեզ վերաբերում, ուսանողի վրա ոչ մի ուշադրություն չէին դարձնում: Կամ էլ` մտնում ես վիրահատարան, ինչ-որ բան սովորեցնելու փոխարեն, բժիշկը բղավում վրադ ու նվաստացնում է քեզ: Դրա համար էլ որոշեցի այս ամռանը պրակտիկա անցնել Գերմանիայում», - ասում է Բյուրակնը:

Այն, որ Հայաստանի բուհերում ուսումնական պրակտիկան գրեթե ոչինչ չի տալիս ուսանողին, բացի պրակտիկային ներկա լինելու վկայականից, թերեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Ուսումնական պրակտիկան ենթադրում է ոչ թե փորձի կամ գիտելիքների ավելացում, այլ` ինչ-որ հաստատությունում ամեն առավոտ ներկա ստանալու ու հետո որեւէ սրճարանում համակուրսեցիներիդ հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն: Իսկ եթե այնուամենայնիվ ցանկանում ես պրակտիկայիցդ ինչ-որ օգտակար բան քաղել ու այն անցկացնել ոչ թե սրճարանում, այլ մասնագիտական հիմնարկում, պետք է ներկայությունդ առավել աննկատ դարձնես, որ տեղի աշխատողների հանգիստը չխանգարես:

Նման սցենարով է անցնում նաեւ Բժշկական համալսարանի ուսանողների ուսումնական պրակտիկան: Բայց եթե այլ ոլորտների ապագա մասնագետները քիչ թե շատ կարող են հետագայում լրացնել թերի պրակտիկայի բացը, դժվար է պատկերացնել, ասենք, ապագա վիրաբույժին առանց վիրահատելու տարրական փորձի:

Բյուրակնի կարծիքով, ուսումնական պրակտիկայի նման անմխիթար վիճակի պատճառներից մեկն այն է, որ մասնագետները չեն զգում երիտասարդ սերնդին գիտելիք փոխանցելու կարեւորությունը:

«Ի տարբերություն այստեղի բժիշկների, ովքեր չեն զգում գիտելիք հաղորդելու պատասխանատվությունը, արտերկրում բժիշկներն իրենք են շահագրգռում ուսանողին եւ անգամ հարկ եղած դեպքում ստիպում, որ հարստացնի իր փորձն ու գիտելիքները», - ասում է Բյուրակնը` համոզված լինելով, որ Դրեզդենում հնարավորություն կունենա թե' լրացնել բժշկական պրակտիկայի բացը, թե' հարստացնել մշակութային գիտելիքները՝ այցելելով տեղի թանգարաններն ու շփվելով այլ երկներից ժամանած ուսանողների հետ:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG