Մատչելիության հղումներ

«Ժավելի սպիրտ», «Դարպասներ» եւ «Իմպրովիզացիա»


Կատարումներ, որոնք փշրում են մարդու սովորական պատկերացումները երաժշտության, մեղեդու, ռիթմերի եւ ընդհանրապես ձայների մասին: Նրանք նվագում են այն, ինչ նոտագրված չէ, այն, ինչ չի կարելի կարդալ թղթի վրա, սակայն այն, ինչ կարելի է տեսնել քեզ հետ նվագողի աչքերում:

Ժամանակակից արվեստի փառատոնի վերջին օրը «Նարեկացի» արվեստի միության բեմը միավորել էր տրոմբոնահար եւ գոնգահար գերմանացի Հայնց Էրիխ Գյոդեկեին, դաշնակահար Հայկ Մելիքյանին եւ դուդուկահար Վարազդատ Հովհաննիսյանին: Նրանց, իր հերթին, միացել էր Կորնելիա Մյուլլեր Գյոդեկեն իր «Դարպասներ» ֆոտոցուցահանդեսով:

«Մենք նպատակ չունեինք ավանգարդ արվեստի փառատոն կազմակերպել, ի սկզբանե ես ցանկանում էի կազմակերպել հորս հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդես», - ասում է փառատոնի կազմակերպիչ Աննա Մայիլյանը: - «Սակայն ստացվեց այնպես, որ մի քանի արվեստագետներ միաժամանակ կարողացան գալ Հայաստան եւ, ի վերջո, որոշվեց նրանց արվեստը համախմբել մեկ փառատոնի շրջանակներում»:

Տրոմբոնահար եւ գոնգահար Հայնց Էրիխ Գյոդեկեն, ում երաժշտության ներքո էլ հենց ավարտվեց ժամանակակից արվեստի փառատոնը, առաջին անգամը չէ, որ Հայաստանում է: Այս անգամ նա բերել է երաժշտական գործիքների իր հավաքածուի մի մասը՝ մի քանի գոնգ եւ իր գլխավոր գործիքը՝ տրոմբոնը: Նրա խոսքերով՝ իր երաժշտությունը չի բնութագրվում որպես ջազ:

«Սա ջազ չէ, սա ժամանակակից իմպրովիզացիոն երաժշտություն է: Իմպրովիզացիա նշանակում է՝ բարձր աստիճանի կենտրոնացում: Նշանակում է երաժշտության միջոցով արտահայտել այն, ինչ պահն է թելադրում, ինչ այդ պահին կատարվում է քո ներսում: Իմպրովիզացիան նաեւ կարողություն է՝ լսել եւ զգալ քեզ հետ նվագող երաժիշտներին: Դու տալիս ես ինչ-որ բան եւ ստանում ես պատասխանը, հետո պատասխանում ես նրանց պատասխանին եւ այդպես շարունակ: Դա, կարծես, զրույց լինի, որը, սակայն, մեծ կենտրոնացում եւ հատուկ վիճակ է պահանջում»:

Բացի ժամանակակից իմպրովիզացիոն երժշտությունից փառատոնի վերջին օրը ներկայացվեց նաեւ լուսանկարիչ Կորնելիա Մյուլլեր Գյոդեկեի երկրորդ ֆոտոցուցահանդեսը՝ «Դարպասներ» խորագրով: Դրանից առաջ Կորնելիան ներկայացրել էր եւս մեկ ֆոտոցուցահանդես՝ անսովոր անվանումով՝ «Ժավելի սպիրտ»:

Կորնելիայի ֆոտոցուցահանդեսը հետաքրքիր մտահղացման վրա է կառուցված: Նա ասում է, որ իրեն ոգեշնչել են հայկական դարպասները, որոնք կարծես գրատախտակ լինեն, հիմք՝ որոշակի մտքեր շարադրելու համար: Երգչուհի Աննա Մայիլյանի դարպասի վրա երեւում են «ուրախություն, ժպիտ, արեւ» բառերը:

Ավանգարդ արվեստի առաջին փառատոնն արդեն ավարտվեց, սակայն երկու ֆոտոցուցահանդեսները հնարավորություն կունենաք դիտել մինչեւ հուլիսի 3-ը: Աննա Մայիլյանն ասում է, որ փառատոնը դառնալու է ամենամյա:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG