Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը վստահ է, որ իր կուսակցությունը ներկայացված է լինելու հաջորդ ԱԺ-ում


Անցյալ տարի ստեղծված «Դաշինք» կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վստահ է, որ իր կուսակցությունը ներկայացված է լինելու 2007 թվականին ընտրվելիք Ազգային ժողովում:

«Այն, որ մեր կուսակցությունը ներկայացված է լինելու [Ազգային ժողովում] միանշանակ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Սամվել Բաբայանը՝ ավելացնելով, որ իրենք անում են ամեն բան՝ հասարակությանը վստահեցնելու, որ ինքնուրույն ուժ են, ունեն սեփական ծրագրերը եւ ամեն գնով պաշտպանելու են իրենց ստացած ձայները:

Չցանկանալով հրապարակել կուսակցության անդամների թիվը՝ Բաբայանը ասաց, որ իրենց «երիտասարդ եւ առողջ թիմը» գալիս է իրականացնելու սեփական ծրագրերը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելն ու պայքարը ստրվերայնության դեմ:

Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարարի խոսքերով, սակայն, իրականում Հայաստանում ստվեր չկա, քանի որ բոլորը գիտեն, թե ովքեր եւ ինչու չեն վճարում հարկերը. - «Ստվեր չկա: Ստվեր կոչվում է այն, որ իշխանությունը չգիտի [հարկ չվճարողի] տեղը: Ամբողջ վերանախավը՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության 90 տոկոսը ընդգրկված է տնտեսության մեջ, եւ նրանք հարկերի 10 տոկոսն էլ չեն մուծում»:

Սամվել Բաբայանը նաեւ համոզմունք հայտնեց, որ իշխանական կուսակցությունները (նկատի ունենալով նաեւ «Բարգավաճ Հայաստան», «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունները) «մեկ թեւով» են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. - «Իշխանությունը իրոք խնդիր ունի ներկայանալու ընդհանուր թիմով, հակառակ պարագայում դա հավասարազոր է պարտության»:

«Խնդիրն այն է, որ այս փուլում չեն լինելու այդ կեղծիքները», - փաստարկեց նա: - «Այս փուլում չի կարող ոչ ոք երաշխավորել, որ ինքը կարող է կեղծիք անել ու տեղում հենց իր հետ հաշվեհարդար չտեսնեն»:

Հարցին, թե ո՞վ է լինելու հաշվեհարդար տեսնողը, Բաբայանը արձագանքեց. - «Կգա ժամանակը, կտեսնեք, թե ով է լինելու»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «Դաշինք» կուսակցության նախագահի կարծիքով, ապա առաջիկա ընտրություններում նրանք կկարողանան հակազդել իշխանություններում, եթե «վերադասավորվեն եւ սկսեն գործել մի քանի ճակատով»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG