Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այլեւս ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկություն չունի զբաղվելու Ռոբերտ Քոչարյան - ֊Իլհամ Ալիեւ անպտուղ հանդիպումների կազմակերպման իմիտացիայով եւ կարգավորման գործընթացի թե ֆորմատը, թե բովանդակությունը փոխելու խնդիր է լուծում», - վերլուծում է «Ժամանակ Երեւան» թերթը: - «Ավելի պարզ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին առաջարկվում է ընտրություն՝ կամ հարմարվել իրենց կողմից չվերահսկվող վարչախմբերի «մենթալիտետին», կամ ձեւավորել խաղաղության սոցիալական պատվեր»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Չորեքշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ֆրանսիայում ենթարկվել է ոտքի երակների վիրահատության: Ըստ թերթի տեղեկությունների, վիրահատությունն անցել է հաջող, եւ հուլիսի 3-֊ին վարչապետը կվերադառնա Հայաստան: «Մարգարյանի հետ Ֆրանսիայում է նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը», - հավելում է թերթը:

«Հանրապետական կուսակցության մեջ նորանոր պաշտոնյաների, օլիգարխների եւ «առնետների» ներգրավումը նշանակում է մի բան. 2007-֊ին Հանրապետական կուսակցությունը բավականաչափ նյութական եւ վարչական ռեսուրսներ կունենա միակուսակցական խորհրդարան ձեւավորելու համար: Իհարկե, իրականում այդպես չի լինի, ու Եվրոպայի խորհրդի առաջ ձեւեր թափելու համար իշխանությունը Ազգային ժողով կթողնի եւս մի քանի կուսակցություն», - կանխատեսում է «Առավոտ»-ը: - «Բայց ակնհայտ է, որ բացարձակ մեծամասնություն կկազմի Հանրապետականը, եւ ոչ մի կոալիցիայի անհրաժեշտություն չի առաջանա: Հանրապետական կուսակցության «հզորությունը» պայմանավորված չէ ոչ նժդեհական գաղափարախոսությամբ, ոչ էլ քաղաքացիների աջակցությամբ: Այդ հզորության հիմքը բութ, սահմանափակ եւ կոռումպացված նոմենկլատուրան է, որը բաղկացած է որեւէ գաղափարից զուրկ պաշտոնյաներից եւ գործարարներից: Այդ մի քանի հազար հոգին կոմունիստական իշխանության ժամանակ կոմունիստ էին, ՀՀՇ֊-ի ժամանակ՝ ՀՀՇ֊ական: Այսօր նրանք իրենց եկամուտների պահպանության եւ բազմացման երաշխիքը տեսնում են Հանրապետականի մեջ»:

«Իրավունք»-ը գրում է. - «Հայաստանի պաշտպանության նախարարի եղբայր Սաշիկ Սարգսյանը արդեն առավել քան երկու շաբաթ է՝ գտնվում է ԱՄՆ֊-ում: Ըստ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի, նրա բացակայությունը, թերեւս, երկար կտեւի, քանզի այժմ, երբ Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը սկսել են նախընտրական արշավը, Սաշիկ Սարգսյանի անկանխատեսելի արարքները կարող են խնդիրներ ստեղծել մեծ թափ հավաքող եւ հրարավորին չափ «քաղաքակիրթ» երեւալու ձգտում ունեցող նախընտրական այդ միավորման համար: Մեր աղբյուրի վկայությամբ՝ հենց Սերժ Սարգսյանն է եղբորը հորդորել «շառից հեռու» տեւական ժամանակով բացակայել հանրապետությունից»:

«Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի բանկային համակարգում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում», - կիսվում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Մասնավորապես, մինչեւ վերջերս իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը վայելող «Կոնվերսբանկ»-֊ում Կենտրոնական բանկը մանրակրկիտ ստուգումներ է իրականացնում: Պարզապես իշխանությունները որոշել են նեղել այդ բանկի սեփականատերերին, խեղճացնել եւ ստիպել վաճառել բանկը: Իսկ նոր գնորդը, նույն աղբյուրների համաձայն, լինելու է մի շատ համակրելի երիտասարդ՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը»:

«Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը «Կիլիկիա» առագաստանավը քիչ է մնացել, որ աղետի ենթարկվեր», - տեղեկացնում է «Ազգ»-ը: - «Իրարահաջորդ հուժկու ալիքները հարվածել են նավին, որը լցվել է ջրով, մինչ նավաստիներից երկուսը ընկել են ծովը: Բարեբախտաբար, մեր նավաստիների անհավատալի ջանքերով ծովն ընկած երկու տղաները փրկվել են, իսկ օգնության հասած ձկնորսանավը փրկել է առագաստանավը ստույգ խորտակումից: Դեպքը պատահել է Բալթիկ ծովում՝՝ Լիտվայի եւ Շվեդիայի միջեւ չեզոք ջրերում: Այժմ վիճակը բարվոք է, եւ «Կիլիկիա»֊-ն նավում է դեպի Ստոկհոլմ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG