Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրերը, թե ծրագրում է անդամագրվել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

«Ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ», - Վազգեն Սարգսյանը անվան ռազմական ինստիտուտում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց նախարարը. - «Մոտակա 7-10 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:

Սերժ Սարգսյանը չթաքցրեց, որ վաղ թե ուշ անդամակցելու է որեւէ քաղաքական ուժի: Իր խոսքերով՝ կլինի մեկ ուժի հետ, որովհետեւ «միաժամանակ բոլորի հետ լինել չի կարող»:

«Իրոք, ես լինելու եմ մի կուսակցությունում՝ դրանով իսկ նպատակ չունենալով բոլորովին թշնամական կամ ոչ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մնացած քաղաքական ուժերի հետ», - ասաց նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ հրապարակված հայտարարության կապակցությամբ պաշպանության նախարարը ասաց. - «Կարծես թե ճիշտ չի ստացվում. համանախագահները կողմերին հորդորում են զգացմունքային ազդեցությունից զերծ մնալու համար չհրապարակել բանակցությունների մանրամասները, իսկ իրենք փորձում են դա անել»:

Այս թեմայի շուրջ այլ հարցերի պաշտպանության նախարարը հրաժարվեց պատասխանել: Հավելեց միայն, թե չի կարծում, որ պատերազմական գործողություններ ենթադրող իրավիճակ է ստեղծվել:

«Ես չեմ կարծում, որ կան ռեալ նախադրյալներ մոտ ժամանակներս ռազմական գործողությունները վերսկսելու [համար]», - ասաց պաշտպանության նախարարը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG