Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Հինգշաբթի, 29-ը հունիսի)

«Արտառոց» համարելով Մինսկի խմբի համանախագների հայտարարությունը՝ «Առավոտ»-ը ընդգծում է. - «Այս հայտարարությունը փաստորեն նշանակում է, որ Մինսկի խումբը հրաժարվում է իր միջնորդական առաքելությունից»: Նույն թերթի խմբագրականում կետ առ կետ նշված է. - «1/ Համանախագահները հստակորեն նշում են, որ բովանդակային առումով այլեւս առաջարկելու բան չունեն: Դրանով իսկ, ըստ էության, արձանագրվում է, որ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությունն ավարտված է: Դա լայն հնարավորություն կտա Ադրբեջանին հարցը տեղափոխել այլ ատյաններ, որտեղ մեզ հաստատ «մեղր ու կարագ չեն բաժանելու»: 2/ Հայտարարությունը գրված է կոշտ, գրեթե «վերջնագրային» տոնով, որը հավաստում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի դիրքերի թուլացումը միջազգային ասպարեզում: 3/ Համանախագահները առանձնահատուկ նշում են երկու երկրների նախագահների պատասխանատվությունը՝ ղարաբաղյան խնդրում status quo-ի պահպանման կամ պատերազմի վերսկսման դեպքում: 4/ Հայտարարության մեջ տեղ գտած կարգավորման ծրագրի վերաշարադրման մեջ կան կետեր, որոնք առնվազն անհասկանալի են եւ կարող են մեկնաբանվել որպես Հայաստանի համար խիստ անբարենպաստ»:

«Այդ բացահայտումները իրենց ողջ սրությամբ հարվածում են հենց Հայաստանի իշխանություններին, որովհետեւ հայ հանրությունը, այդ պաշտոնական բացահայտումների վրա հղում անելով, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին դավաճանության եւ անսկզբունքայնության մեղադրանքներ առաջադրելու հիմք է ստանում... Որ հայ հանրությունը իմանա, որ «ազատագրված տարածքները հայկականացնելու» սկզբունքի հիման վրա իշխանության եկած Քոչարյանը ութ տարի է՝ քննարկում է դրանք Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը եւ ուրիշ ոչնչով զբաղված չի եղել», - մեկնաբանում է «Հայկական ժամանակ»-ը՝ ամփոփելով. - «Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի առաջ պարզ այլընտրանք է դրված. կա՛մ ինքը մինչեւ Մեծ ութնյակի սանկտպետերբուրգյան գագաթաժողովը, այսինքն՝ հուլիսի 15-ը, հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել համանախագահության առաջարկած շրջանակային պայմանագիրը, կա՛մ էլ միջազգային հանրությունը իր հնարավորություններն օգտագործում է նրան, այսինքն՝ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու համար»:

«Ազգ»-ի հայացքով՝ «բանակցային ընթացքն այս պահին կարծես դեռեւս հեռու է որոշում ընդունելու փուլից, եթե, իհարկե, նկատի չառնենք խնդրի արագ լուծմանը հենց այս տարի հասնելու նպատակով գործադրվելիք ճնշումների հավանականությունը»: «Ի՞նչ շրջանակային համաձայնագիր են ակնկալում միջնորդները բանակցող կողմերից, երբ նրանցից մեկը՝ Ադրբեջանը, այսօր զբաղվում է ոչ միայն Հայաստանի արտգործնախարարության, այլեւ Մինսկի խմբի համանախագահների` Վիեննայի հայտարարության դրույթների բացահայտ ռեւիզիայով», - հարց է բարձրացնում «Հայոց Աշխարհ»-ը։

Արձագանքելով միջնորդների հայտարարությանը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Առավոտ»-ում ասում է. - «Ես դա դիտարկում եմ որպես նախերգանք ավելի կտրուկ եւ վճռական գործողություններից առաջ: Հիմա փոքր-ինչ հնարավորություն են տալիս կողմերին, որ իրենք գան եզրակացության, գտնեն կոմպրոմիս, որից հետո, համոզված կարող եմ ասել, որ կհրավիրեն իրենց որեւէ տեղ եւ այնքան ժամանակ այնտեղ կպահեն, մինչեւ կողմերը գան համատեղ եզրակացության եւ փոխադարձ ընդունելի զիջումների»:

Նույն թերթում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար, քաղաքագետ Լեւոն Զուրաբյանն ասում է. - «Եթե Մինսկի խմբի հովանու տակ վարվող բանակցությունները պաշտոնապես դադարեցվեն, դա 1994 թվականի զինադադարից սկսած ժամանակաշրջանում հակամարտության կարգավորման գործընթացին հասցրած ամենամեծ հարվածը կլինի: Ըստ էության, կբացվի պատերազմի ճանապարհը»:

Ըստ «168 ժամ» թերթի տեղեկությունների, առաջիկայում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը լուծարվելու է, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդամակցելու է ՀՀԿ-ին: «ՀՀԿ-ի համալրումը սրանով չի սահմանափակվելու», - շարունակում է թերթը: - «Մի շարք հայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ նույնպես կամ անդամագրվելու են ՀՀԿ-ին, կամ, համենայն դեպս, աշխատելու են այդ կուսակցության օգտին: Փաստորեն, ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ արտաքուստ ձեւավորված հավասարակշռությունն ակնհայտորեն խախտվում է հօգուտ ՀՀԿ-ի: Ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ-ի այսօրինակ բուռն համալրումը իրականցվում է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ եւ աջակցությամբ: Զարմանալին այն է, որ այս օրերին, երբ միջազգային հանրությունը ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրելու վերջնագիր է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին, այս կուսակցությունները, որոնք հավակնում են լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի զարգացման գործընթացում, բոլորովին այլ խնդրով են զբաղված»:

Հայաստանի սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Մեր ուսումնասիրությունները ֆիքսում են, որ հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ մեծ ընդվզում կա։ Մարդիկ լուրջ դժգոհություններ ունեն դատական համակարգից, կառավարությունից, ԱԺ-ից, նախագահից, բայց երբ խոսքը արտահերթ իշխանափոխության մասին է, մեր ժողովուրդը շատ զգուշավոր է եւ առաջնորդվում է «փորձած թանը անփորձ մածունից լավ է» սկզբունքով»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG