Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը մեկնաբանություններ է տվել «Արմենպրես» գործակալությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-ին Վիեննայում արված հայտարարության վերաբերյալ: «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության կողմից իրեն տրամադրված՝ գործակալության հարցերը եւ արտգործնախարարի պատասխանները:


ՀԱՐՑ.- Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշում են. «Մեր մոտեցումը վերանայվել է. մենք չենք փորձել մեկ փուլով կարգավորել հակամարտության բոլոր ասպեկտները: Դրա փոխարեն առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ հասնենք նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնելով ապագային` նախատեսել ենք հետագա բանակցություններ»: Ի՞նչ է դա նշանակում:

ՕՍԿԱՆՅԱՆ.- Ներկայումս սեղանի վրա գտնվող սկզբունքների վերաբերյալ հիմնարար փաստաթուղթը, որի շուրջ կողմերը բանակցում են, համապարփակ է: Դա ներառում է հակամարտության կարգավորման վրա ազդեցություն ունեցող բոլոր սկզբունքները եւ ամենակարեւորը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների, փախստականների վերադարձի, անվտանգության, խաղաղապահ ուժերի հարցերը, ինչպես նաեւ ցանկացած այլ հարց, որն անհրաժեշտ է հակամարտության երկարատեւ կարգավորման հասնելու համար: Այս հիմնարար բոլոր սկզբունքների շուրջ լիովին համաձայնության գալուց հետո միայն կողմերը, համաձայն բուն բանակցային տեքստի, «համագործակցելով Մինսկի Խմբի համանախագահների հետ կսկսեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մշակման վրա»: Այլ խոսքով, սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը կլինի, պետք է լինի համապարփակ: Այդ համաձայնագրի իրագործումը որոշ ժամանակ կպահանջի:

ՀԱՐՑ.- Իրենց զեկույցում համանախագահները ասում են. «Այս սկզբունքները ներառում են հայկական զորախմբերի փուլային դուրսբերում Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ ձեւաչափով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ»: Որո՞նք են այդ ձեւաչափերը:

ՕՍԿԱՆՅԱՆ. - Այս ձեւակերպումը, իսկապես, ընդարձակ է, եւ դա պատճառ ունի: Այս ընդարձակ ձեւակերպումն ունի երկու մակարդակ. մեկը Լաչինի հարցն է, որի սկզբունքների շուրջ բուն բանակցային տեքստի հստակ ձեւակերպումն այն է, որ լինելու է «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք»: Հայաստանի համար շատ հստակ է, որ այդ միջանցքը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ նույն կարգավիճակը: Երկրորդ մակարդակը վերաբերում է Քելբաջարին. Հայաստանի համար սա նույնպես հստակ է` ելնելով անվտանգության մտահոգություններից` Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո: Սա այն անհամաձայնությունն է, որին համանախագահները հղում են կատարում իրենց հայտարարության մեջ: Բուն բանակցային տեքստում այս հարցի վերաբերյալ համանախագահների ձեւակերպումները, ընդհանուր առմամբ, համահունչ են մեր մոտեցմանը:

ՀԱՐՑ.- Ըստ համանախագահների, նախատեսվում է հանրաքվե (բնակչության քվեարկություն) «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար», բայց նրանք չեն նշում, թե ո՞վ է քվեարկելու:

ՕՍԿԱՆՅԱՆ.- Սկզբունքների վերաբերյալ բուն բանակցային տեքստը հստակ ձեւակերպում ունի. «վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի (բնակչության քվեարկության) միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից»:

ՀԱՐՑ.- Համանախագահները նաեւ նշում են, որ «որոշ միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ»: Ի՞նչ է սա նշանակում:

ՕՍԿԱՆՅԱՆ.- Սա բուն բանակցային տեքստում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին վերաբերող շատ ավելի մանրամասն շարադրված հատվածի տարրերից միայն մեկն է: Մենք կարծում ենք, որ համանախագահները ընդգծել են միջազգային ներգրավվածությունը, որովհետեւ դա լուրջ խնդիր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Ներկայիս չճանաչված փաստացի կարգավիճակը նրանց թույլ չի տալիս օգտվել միջազգային կազմակերպությունների բարեգործությունից: Բուն բանակցային տեքստը ամրագրում է նաեւ ԼՂ-֊ի բնակչության այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են` իրենց քաղաքական եւ տնտեսական կենսունակությունն ու անվտանգությունը վերահսկելու, անհատական արտոնություններն ու ազատությունները պահպանելու, Լեռնային Ղարաբաղը ղեկավարելու համար իշխանություններին ժողովրդավար կերպով ընտրելու իրավունքները, ինչպես նաեւ օրենք ստեղծելու եւ ներքին գործերը կառավարելու լիազորությունները:

ՀԱՐՑ.- Ո՞րն է Հայաստանի ընդհանուր գնահատականը այսօրվա դրությամբ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ:

ՕՍԿԱՆՅԱՆ.- Սա կատարյալ փաստաթուղթ չէ՝ որեւէ մեկի համար: Այդուամենայնիվ, դա բավականաչափ հիմնավոր եւ հավասարակշռված, ճիշտ փոխադարձ զիջումներով կետեր է պարունակում գլխավոր հարցերի` կարգավիճակի, տարածքների եւ անվտանգության վերաբերյալ, եւ մենք հավատացած ենք, որ կկարողանանք շարունակել բանակցությունները այդ սկզբունքների հիման վրա: Ներկայիս համատեքստում ինքնավարության մասին Ադրբեջանի հռետորությունն ու հուսահատ ռազմատենչ կոչերը մեզ զարմացնում են: Մեր ձեռքի տակ ռեալ հնարավորություն կա լուծելու բոլոր խնդիրները` ներառյալ փախստականների բազմաչարչար հարցը: Սակայն Ադրբեջանը պետք է վերադառնա իրականությանը եւ ռեալ հնարավորություններին, ոչ թե երեւակայական մաքսիմալիստ հույսեր փայփայի: Այսօր մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կգիտակցի, որ մենք հնարավորություն ունենք կարգավորելու հակամարտությունը եւ հասնելու երկարատեւ խաղաղության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG