Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան» թերթը, որի գլխավոր գլխավոր խմբագիրը արդեն երկրորդ օրն է ազատազրկված է, այսօրվա համարում գրում է. - «Ինչքան էլ դատախազությունը պնդի, թե Արմանի ձերբակալությունը կապված չէ նրա մասնագիտական գործունեության հետ՝ ոչ մեկին չի համոզի, ավելին՝ Հայաստանի քաղաքացու ականջին նման բացատրությունները ծիծաղելի եւ անհեթեթ կհնչեն: Մարդիկ ձերբակալվում, կալանավորվում, ապա եւ դատապարտվում են ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ նրանց հանցանքը հաստատված է, այլ որովհետեւ հաճո չեն ռեժիմին... Արմանը բացառություն լինել չի կարող. ով պնդում է, որ Բաբաջանյանի գործը քաղաքական չէ՝ թող հիմնավորի, թե ինչու իշխանությունների հիշողությունը արթնացավ միայն հիմա, ու միայն «Ժամանակ Երեւան» օրաթերթի Երեւանում հրատարակվելուց հետո նրանք հիշեցին, որ մարդը խուսափել է զինծառայությունից... Արման Բաբաջանյանի «հանցանքը» երբեք չէին հիշի եւ շաբաթ օրով էլ քրեական գործ չէին հարուցի, եթե նա իշխանության կողքին լիներ կամ առնվազն՝ ընդդիմադիր հայացքներ եւ ընդդիմադիր թերթ չհրատարակեր»:

«Այս երկրում արդեն ոչ մի վատ բան զարմանալի չի թվում», - անդրադառնում է նույն թերթը մեկ այլ հրապարակման մեջ: - «Եվ ցավալին հենց դա է, որ մենք այնպես ենք վարժվում այդ ամենին, որ դադարում ենք զարմանալուց: Իսկ դա շատ վատ բան է: Ավելի վատը երեւի չի լինում: Երեկ ի պաշտպանություն «Ժամանակ Երեւան»-ի խմբագիր Արման Բաբաջանյանի՝ խմբագրակազմի կազմակերպած բողոքի ակցիային հրավիրված անձանց, կազմակերպությունների, լրատվամիջոցների ընդամենը 10 տոկոսն էր մասնակցում: Իսկ սա նշանակում է, որ մենք այնքան լավատես ենք եղել, որ կարծել ենք՝ գոնե տասնապատիկ շատ են այն մարդիկ, ում մեջ դեռ կռիվ եւ ստրուկ չլինելու ցանկություն կա»:

«Փաստն այն է, որ այդ օրաթերթը գտնվում էր իշխանության վերահսկողությունից դուրս, եւ նրա խմբագիրը գտնվում է ճաղերի ետեւում, եւ ակնհայտ է, որ նման բան տեղի չէր ունենա, եթե նա լիներ իշխանության դաբրոյով թերթ բացած անձնավորություն», - արձանագրված է «Հայկական ժամանակ»-ում: «Ազգ»-ի հետ զրույցում «Ժամանակ Երեւան» օրաթերթի պատասխանատու խմբագիր Լիզա Ճաղարյանը հայտնել է միայն, որ «խուզարկել են գլխավոր խմբագրի բնակարանը, ապա թողել ստորագրություն, որ ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել»:

«Եվ ինչն է անչափ ուշագրավ», - շեշտադրված է «Հայոց Աշխարհ»-ում։ - «Խոսքի ազատության պաշտպանները եւ քաղբանտարկյալները նույնիսկ չեն էլ փորձում հերքել դատախազության կողմից ներկայացվող մեղադրանքները։ Ընդհանրապես տարօրինակ իրավիճակ է ստացվում։ Ըստ տրամաբանության, պաշտպանները պետք է նախ հայտարարեն ու ապացուցեն, որ իրենց պաշտպանյալն այդօրինակ հանցանք չի գործել, իսկ հետո արդեն ավելացնեն. հետեւաբար՝ գործ ունենք քաղբանտարկյալի հետ։ Սակայն այստեղ միանգամից անցում է կատարվում ներկայացման երկրորդ արարին` բաց թողնելով առաջինը»։

Հայաստանում գտնվող Արմինե Առաքելյանը, ում ամուսնության վկայականը, ըստ գործի, կեղծել է Արման Բաբաջանյանը, «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է, որ Երեւանում պատահաբար գտնվելու օրերին իմացել է այդ ամբողջ պատմության մասին ՀՀ գլխավոր դատախազությունում: «Ոչ ոք չի կարող ապացուցել, որ Արման Բաբաջանյանը ունի կին եւ երեխաներ: Նա ընդհանրապես ամուսնացած չէ», - ասել է Արմինե Առաքելյանը: «Այդ ամենով հանդերձ, բաց է մնում մի հարց. ինչու է դատախազության մոտ հետաքրքրություն առաջացել այդ ամենի հանդեպ հենց հիմա, երբ Բաբաջանյանը թերթի խմբագիր է դարձել, ոչ թե 4 տարի առաջ», - եզրափակում է «Առավոտ»-ը:

«Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի որդին` Վահե Ոսկանյանը», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «ՕԵԿ-ում եւս, որի անդամ է Գագիկ Ոսկանյանը, հրաժարվում են գործի կապակցությամբ մանրամասներ հաղորդել, սակայն հակված են միջադեպը համարել քաղաքական հաշվեհարդար ՕԵԿ-ի հետ: Ի դեպ, երեկ խիստ խուճապահար Գագիկ Ոսկանյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի սենյակում էր՝ ըստ ամենայնի փորձելով ՀՀԿ-ի միջոցով որդու հարցերը լուծել»:

«Առավոտի» հարցին, թե ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման վրա որքանո՞վ ազդեցություն ունեցավ այն տեղեկությունը, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում է ընտրություններին մասնակցել այդ կուսակցության կազմում՝ որպես ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. - «Այո, քանի որ Սերժ Սարգսյանը մտնում է ՀՀԿ՝ ես էլ եմ մտնում»:

Անդրադառնալով Մեթյու Բրայզայի բացահայտումներին հակամարտ կողմերի արձագանքին՝ «Հայոց Աշխարհ»-ը բխեցնում է. - «Ադրբեջանը, ժողովրդական լեզվով ասած, շարունակում է իրեն «հարիֆի տեղ դնել»՝ սեփական ժողովրդից թաքցնելով շրջանակային համաձայնագրի իր համար ոչ ցանկալի կետերը, կամ էլ կեղծելով դրանց բովանդակությունը: Հայաստանը բացում է շրջանակային համաձայնագրի կետերի նշանակալի մասը, պատրաստակամություն է հայտնում ընդունել դրանք իբրեւ բանակցությունների շարունակման հիմք եւ միաժամանակ հրապարակավ պնդում է, որ ոչ միայն համաձայնության գալու վերջին 7-8 տարիների բոլոր փորձերը, այլեւ ներկայումս սեղանին դրված շրջանակային համաձայնագիրը տեղապտույտ են ապրում Ադրբեջանի մեղքով»։

«Անտերուդուս փառատոն» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը գրում է, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ փառատոնի մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսում կազմակերպիչները, «իրար հերթ չտալով, բազմաթիվ ճռճռան հայտարարություններ արեցին». - «Ակնհայտ է, որ փառատոնի կազմակերպիչները, թեեւ իրենց տրամադրության տակ ունենալով հսկայական բյուջե, առաջնորդվել էին «սփյուռքահայերի հայրենասիրության ռեսուրսն անսպառ է» սկզբունքով, եւ անգամ նորմալ ավտոբուս վարձելը կամ մի քանի արկղ «Ջերմուկով» ապահովելն էլ էին շատ համարել։ Այն դեպքում, երբ մարդիկ սեփական միջոցներով են եկել հայրենիք եւ մեկշաբաթյա հյուրանոցային ծախսերն էլ սեփական գրպանի հաշվին են արել։ Ամոթ է վերջապես, փառատոնի համար տրամադրված միլիոնները մի՞թե միայն բացման ու փակման արարողություններին են հերիքում»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG