Մատչելիության հղումներ

Քենիացի պատգամավորը հորդորում է երկրի նախագահին պատասխանել հայազգի եղբայրներին վերաբերող հարցերին


Քենիացի ընդդիմադիր պատգամավորը հորդորել է երկրի նախագահ Մվաի Քիբակիին խորհրդարանական հանձնաժողովում պատասխանել եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին առնչվող պատմության վերաբերյալ հարցերին:

Հայազգի եղբայրները այս ամիս արտաքսվել են Քենիայից՝ մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նրանք թույլ չեն տվել ստուգել իրենց պայուսակը, իսկ նրանցից մեկը ատրճանակ է հանել:

Ընդդիմության առաջնորդ Ռեյլա Օդինգան, որը մի քանի ամիս առաջ մեղադրել էր եղբայրներին վարձկան լինելու մեջ, այսօր «Ռոյթերզ»-ին ասել է. - «Հարցն այն է, թե ինչո՞ւ են նրանք արտաքսվել, այլ ոչ թե հարցաքննվել: Նշանակում է իշխանությունները շահագրգռված չեն, որ նրանք պատասխանատվության կանչվեն»:

«Այս մարդիկ վայելում էին կառավարության աջակցությունը, ունեին կառավարական համարանիշերով մեքենաներ եւ ուղեկցվում էին անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից»,֊ - ասել է Օդինգան, որը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2007 թվականի նախագահական ընտրություններում:

«Այս հարցերը չեն պարզվի մինչեւ նախագահը չպատասխանի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի անդամների հարցերին»,֊ - կարծիք է հայտնել ընդդիմադիր գործիչը:

Քենիայի իշխանությունները ժխտում են, որ հայազգի եղբայրները այցելել են նախագահական նստավայր: Սակայն նրանց տանն անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կառավարական համարանիշերով «Մերսեդես», ինչպես նաեւ «Լեքսուս»՝ ոստիկանության տարբերանշաններով:

Արթուր Մարգարյանը եւ Արթուր Սարգսյանը, որոնք արտաքսվել են երկրից, պնդում են, թե իրենք գործարարներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG