Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Բրայզայի բացահայտումը ամբողջական չէր»


«Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների բացահայտումը կամ դրանց շարադրումը ամբողջական չէր, այլ հատվածական: Այնտեղից դուրս էր մնացել երկու կարեւոր սկզբունք», - Թբիլիսիում Վրաստանի իր գործընկեր Գելա Բեժուաշվիլիի հետ համատեղ ասուլիսում երեքշաբթի օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Առաջինը՝ հարցի լուծման կարեւոր բաղադրիչներից մեկը պետք է լինի Հայաստանի եւ Լեռնային ղարաբաղի միջեւ միջանցքի ապահովումը: Երկրորդ՝ մինչեւ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ», - հայտարարել է Վարդան Օսկանյանը՝ հավելելով. - «Առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատեցին, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով»:

Նախարարի խոսքերով, Հայաստանը գտնում է, որ համանախագահների կողմից սեղանին դրված սկզբունքները «հավասարակշռված են եւ կարող են նպաստել հարցի կարգավորմանը»: «Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ», - նշեց Օսկանյանը:

Ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ Հայաստանը չի հարգում գրավյալ տարածքներից զորքերի անհապաղ դուրսբերման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց՝ «ՄԱԿ-ի նշված բանաձեւերը չեն հիշատակում Հայաստանը որպես այդ տարածքները գրավող երկիր: Այնտեղ հստակ խոսվում է տեղական հայկական ուժերի մասին»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG