Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ավարտել է իր այցը Թուրքիա եւ անցած գիշեր նրա գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

Վեհափառ Հայրապետի այցը Թուրքիայում ուղեկցվեց բողոքի ցույցերով, թուրքական մամուլում աղմուկ բարձրացրեց Գարեգին Երկրորդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Մեր ժողովրդի համար դա մի բան է, որը եղել է եւ պետք է ճանաչվի: Ցեղասպանության հարցը 90 տարի շարունակ ուսումնասիրվել է գիտնականների կողմից», - պատասխանելով թուրք լրագրողների հարցերին՝ կիրակի օրը ասել էր Գարեգին Երկրորդը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ ասել էր, որ Ստամբուլում կազմակերպված բողոքի ցույցերը իր վրա չեն ազդել. - «Նրանք չեն կոտրել իմ ոգին եւ ազդեցություն չեն ունեցել իմ այցելության վրա»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը, Թուրքիայի հայ համայնքը «աննախադեպ ոգեւորություն է ապրել» Վեհափառ Հայրապետի այցի օրերին:

Հայ համայնքը, Հատեճյանի խոսքերով, մեծ նշանակություն չի տալիս բողոքի ցույցերին, քանի որ «դրանք ընդամենը մի խումբ ազգայնականներ էին»:

«Ընդհանրապես նույն 50-60 հոգու մասին է խոսվում», - ասաց նա: - «Նրանք կծու, մոլեռանդ ազգայնապաշտներ են, որոնք ընդհանրապես ուրիշ հարցերում էլ ցույցեր են կազմակերպում: Օրինակ՝ Օրհան Փամուկի դեմ»:

Գարեգին Երկրորդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» Երիտասարդական միության անդամները:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG