Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. «Սա հասարակությանը բանավեճի մեջ ներքաշելու փորձ է»


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «արտառոց ոչինչ չի տեսնում» Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագ Մեթյու Բրայզայի կողմից ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված առաջարկների գաղտնազերծման մեջ:

«Խոսքն այն մասին է, թե մենք [համանախագահները] առաջարկը արել ենք, եւ երկու նախագահները արդեն պետք է խիզախություն ցուցաբերեն՝ իրենց ժողովուրդներին սա բացատրելով», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց Արզումանյանը:

Նրա կարծիքով, սա հասարակությանը բանավեճի մեջ ներքաշելու փորձ է, ինչը «բնականոն գործընթաց է». - «Եթե հիշում եք՝ ժամանակին բանավեճի առաջարկը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հանգեցրեց իշխանափոխության... Հիմա էլ բանավեճի առաջարկ է արվում»:

Հարցին, թե կարո՞ղ է այս անգամ էլ դա հանգեցնել իշխանափոխության, նախկին արտգործնախարարը սոսկ արձագանքեց, թե «ամեն ինչ հնարավոր է», եւ դա կախված է նրանից, թե «կհանդուրժի՞ արդյոք հասարակությունը այն սցենարները, որ այսօր մշակում են իշխանությունները»:

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության՝ երեկ տարածած պատասխան հայտարարությանը, Արզումանյանը ասաց, թե այն ընդամենը ցույց տվեց Հայաստանի արտաքին գերատեսչության «անզորությունը» եւ եւս մեկ անգամ ապացուցեց, որ բանակցային սեղանին դրված է Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հարցը:

«Ի՞նչ է ստանում Ղարաբաղը... Որ իրեն թույլ է տրվում նորի՞ց ռեֆերենդում անցկացնել: Այդ ժողովուրդը իր վճիռը կայացրել է վաղուց», - ասաց նախկին արտգործնախարարը: - «Այս իշխանությունը հենց այդ շնչով է եկել իշխանության, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի անկախության եւ Հայաստանի հետ վերամիավորման հարցը, քանի որ նախկինները, ըստ իրենց, չէին կարողանում այդ հարցը լուծել»:

Արզումանյանի համոզմամբ, Հայաստանի ներքաղաքական վիճակը ուղղակիորեն ազդում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, եւ այդ առումով Մեթյու Բրազայի հայտարարություններում արտառոց է «այն, որ Բրայզայի նման միջին օղակի պաշտոնյան թույլ է տալիս Հայաստանին ասել՝ դու հասիր Ադրբեջանի մակարդակին, որպեսզի քո նախագահին մենք հրավիրենք [Միացյալ Նահանգներ]». - «Սա մի արտառոց ապտակ է: Բազմիցս խոսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, բայց ես ժողովրդավարություն ասելով չեմ հասկացել, որ մենք պետք է համեմատվենք Ադրբեջանի կամ Բելառուսի հետ»:

Հայոց համազգային շարժման անդամ Արզումանյանը նաեւ չբացառեց ՀՀՇ-ի համագործակցությունը իշխող կոալիցիայից հեռացած «Օրինաց երկիր» կուսակցության հետ. - «Ամեն ինչ էլ կյանքում հնարավոր: ՕԵԿ-ը դարձել է ռեալ քաղաքական գործոն ներքաղաքական կյանքում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG