Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը նախագահի աշխատակազմից, տեղեկացնում է. - «Ռոբերտ Քոչարյանի մի քանի օր առաջ իր մոտ է հրավիրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ հերթական անգամ պահանջել եւ առաջարկել է, որ վերջինս հրաժարական տա: Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, թե ինքը ոչ մի դեպքում հրաժարական չի տա, եւ առաջարկել է ՀՀ նախագահին, որ եթե նա ցանկանում է՝ թող իր հրամանով վարչապետին ազատի աշխատանքից»:

Հուլիսին կայանալիք Հանրապետական կուսակցության արտահերթ համագումարի վերաբերյալ պարզաբանումներ տալով, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Միանգամայն հնարավոր է, որ համագումարում քննարկվի նաեւ կուսակցության եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետագա համագործակցության հարցը։ Մանավանդ որ նա նախորդ ԱԺ ընտրություններին մասնակցել է մեր կուսակցության ցուցակով... Չեմ բացառում, որ պաշտպանության նախարարը անդամագրվի մեր կուսակցությանը եւ այդ դեպքում բնականաբար միանգամից կընդգրկվի նաեւ ՀՀԿ խորհրդի կազմում»։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ստանձնելու է նաեւ ՀՀԿ համանախագահի դերը՝ այդ պաշտոնը կիսելով գործող նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Նշելով, թե իրենց ունեցած տեղեկություններով Սերժ Սարգսյանը կընդգրկվի ՀՀԿ ղեկավար մարմնի՝ կուսակցության խորհրդի կազմում՝ «Տարեգիր»-ը բխեցնում է. - «Սա նշանակում է, որ 2008 թվականի ընտրություններում ՀՀԿ-ն հենց Սերժ Սարգսյանին կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու»:

«168 ժամ»-ը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի Ղարաբաղյան հարցի կարգավորման բացահայտումներին, մեկնաբանում է. - «ԱՄՆ-ը տվյալ դեպքում մի քանի խաղ է խաղում նաեւ Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով գալիք ընտրությունները, ԱՄՆ-ը փորձում է իր նպատակին հասնել մինչեւ ընտրությունները: Կամ ԱՄՆ-ը գործի կդնի այն գործիքը՝ «գունավոր հեղափոխությունը», որը կիրառեց Վրաստանում եւ Ուկրաինայում, կամ կփորձի ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որոնք կփորձեն 2007-2008 թվականներին պահել իշխանությունը: Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ը պլանավորում է Հայաստանում մի քանի օրում ընդդիմություն դարձած Արթուր Բաղդասարյանին դարձնել Հայաստանի հաջորդ նախագահի թեկնածու՝ նրան միավորելով ընդդիմադիրներ Արամ Զավենի Սարգսյանին եւ Ստեփան Դեմիրճյանին»:

«Բրայզայի հնչեցրած տարբերակը 97-ի «փուլայինից» եթե վատը չէ, ապա հաստատ ոչնչով ավելի «հայանպաստ» չէ», - գնահատում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ շարունակելով. - «Բայց դա չպիտի Հայաստանում ներքին քաղաքական շահարկումների առարկա դառնա: Մասնավորապես, նրանք, ովքեր 10 տարի առաջ պաշտպանում էին «փուլայինը», հուսով եմ, չեն խոսելու «բա որ ասում էինք» մանկապարտեզային տոնով: Խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունն ավելի բարձր է, քան որեւէ մեկի անձնական ամբիցիաները»:

Միջնորդների՝ 1997 թվականի առաջարկների հետ համեմատության ծիրում «Իրավունք»-ը նկատում է. - «Տարբերությունը թերեւս այն է, որ այն ժամանակ առանց բուն բովանդակության հրապարակման այդ կետերի օգտին հրապարակավ քարոզում էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությո՞ւն. լրջանալու պահը» հոդվածում, իսկ այժմ Հայաստանի գործող նախագահը այդպիսի «բոբո» առաքելություն չի ստանձնում, եւ փոխարենը դա անում է ամերիկյան ազդեցիկ պաշտոնյան, որը քաջածանոթ է մեր տարածաշրջանին եւ միաժամանակ համարվում է ներքաղաքական խնդիրների լուծման մասնագետ»: «Հայաստանում ստեղծվել է բավականին դրամատիկ իրավիճակ», - շարունակում է մեկնաբանը: - «Ռոբերտ Քոչարյանը իշխանական ամբողջ համակարգով հանդերձ դեմ է «9 տարվա մեռել» կարգավորման նախագծի վերակենդանացմանը, սակայն չունի ռեալ ռեսուրսներ, այդ թվում եւ լեգիտիմության գոնե նվազագույն պաշար՝ ճնշումներին դիմագրավելու համար»:

Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այս բացահայտումներից հետո ժողովուրդը պիտի վերջապես հասկանար, որ Քոչարյանն իր «հաղթողական» քաղաքականության արդյունքում մեզ բոլորիս կանգնեցրել է Ղարաբաղը կորցնելու վտանգի առաջ, եւ պիտի համապատասխան քայլերի դիմեր: Դրա համար էլ Քոչարյանը սպառնում է հրապարակել, ասենք, «Ընդհանուր պետության» մանրամասները, որպեսզի ադրբեջանցիներն էլ Ալիեւի դեմ ընդվզեն»:

«Միասնական Ջավախք ժողովրդական դաշինք» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը, ինչպես փոխանցում է «Ազգ»-ը, հռչակել է իր նպատակները. - «Ջավախահայության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, տարածաշրջանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակի տրամադրում հայոց լեզվին, տարածաշրջանին մշակութային ինքնավարության տրամադրում»: «Առավոտ»-ի հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը ասում է. - «Հենց հիմա Ախալքալակում ու Նինոծմինդայում այդպիսի մշակութային ինքնավարություն կա: Միայն այդ երկու շրջաններում 112 հայկական դպրոցներ, 7-8 հայկական մշակութային համույթներ են գործում, որոնք ֆինանսավորվում են Վրաստանի կառավարության կողմից, երկու շրջաններում էլ կան հայալեզու ռադիոկայաններ ու հեռուստատեսություն»:

Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին «Ազգ»-ի հարցազրույցում նշում է. - «Ջավախեթիի անկայունության կամ կայունության մակարդակն այնպիսին է, ինչպիսին որեւէ այլ տարածաշրջանում, ավելի կամ պակաս: Մենք ապրում ենք կայացման փուլում գտնվող երկրում, մենք չենք կարող խոսել Վրաստանի որեւէ տարածաշրջանի կայունության ու զարգացման մասին, բացի Աջարիայից: Նույնը մեկ օր տեղի կունենա Ջավախեթիում, ուղղակի միանգամից դա չի լինի: Այնտեղ իրավիճակը հասարակ չէ, մենք դա հասկանում ենք, բայց իրավիճակը փորձում են «տաքացնել»: Կան ուժեր, որ ցանկանում են, որ Վրաստանի ու Հայաստանի միջեւ լինեն հնարավորինս շատ խնդիրներ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG