Մատչելիության հղումներ

«Համանախագահները ղարաբաղյան կարգավորման սկզբունքները մասնակի են բացել»


Հայաստանի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հայտարարություն է տարածել՝ փաստելով, որ ղարաբաղյան բանակցությունների վերջերս հրապարակված մանրամասները լիովին չեն արտահայտում բանակցությունների բովանդակությունը:

«Համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սկզբունքները մասնակի են բացել, մասնավորպես, դուրս են մնացել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի եւ մինչեւ հանրաքվե Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի խնդիրները», - ասված է հայտարարության մեջ:

«Համանախագահներն առաջին անգամ հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կողմից ռեֆերենդումի միջոցով: Բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունները չեն վերաբերում հանրաքվեին` այդ հարցը նախագահների միջեւ արդեն համաձայնեցված է: Տարաձայնությունները վերաբերում են ռազմական կոնֆլիկտի առաջացրած հետեւանքների վերացման հերթականությանը: Կոնկրետ այդ հարցին առնչվող տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների Ռամբույեի փուլից հետո Բուխարեստում սեղանի վրա դրված առաջարկություններին Հայաստանը համաձայնել է, իսկ Ադրբեջանը՝ մերժել», - փաստել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հայաստանը համարում է, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները, խոշոր հաշվով, լուրջ հիմք են բանակցությունները շարունակելու համար, եւ մենք պատրաստ ենք այդ հիմքի վրա բանակցել Ադրբեջանի հետ: Հայաստանը համարում է, որ Ադրբեջանի փոփոխամտությունը այս տարրերի նկատմամբ լուրջ խոչընդոտ է բանակցությունների առաջընթացում: Նման քաղաքականության շարունակության դեպքում Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ», - ասված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ կողմերին առաջարկվել է մի փաստաթուղթ, որը նախատեսում է հայկական ուժերի դուրս բերում ադրբեջանական տարածքներից, տնտեսական եւ դիվանագիտական կապերի հաստատում, օգնություն միջազգային հանրության կողմից, խաղաղապահ ուժերի տեղակայում եւ քվեարկություն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG