Մատչելիության հղումներ

Անցած շաբաթվա սպանությունների հետաքննության արդյունքում ձերբակալվել է Ստեփան Հակոբյանը


Մալաթիա - Սեբաստիա համայնքում հունիսի 22-֊ին կատարված սպանությունների հետաքննության արդյունքում շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, ձերբակալվել է Ստեփան Սիմոնի Հակոբյանը:

Անցած շաբաթ փողոցում հրազենից սպանվել էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի տեղական կառույցի ղեկավար Սեդրակ Զատիկյանը եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, Ստեփան Հակոբյանը կասկածվում է 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու համար:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ ձերբակալվածի տանը կատարված խուզարկությունների արդյունքում իրավապահ մարմինները զինամթերք են հայտնաբերել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ՝ ձերբկալվածը Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին է: Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հակոբ Հակոբյանը հերքել էր իր ազգականներից որեւէ մեկի կապը սպանությունների հետ, սակայն ավելացրել էր. - «Ուզում է եղբայրս լինի, ուզում է որդիս լինի՝ պիտի պատժվի»:

Հակոբ Հակոբյանը այսօր նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահություն հնչեցրեց, որ իր եղբորորդին կապ չունի սպանությունների հետ. - «Իր մոտ ընդամենը զենք են հայտնաբերել»:

«Ամեն ինչ անելու եմ, որ մեղավորները բացահայտվեն, որովհետեւ սա նաեւ իմ պատվի հարցն է», - հավաստիացրեց Հակոբ Հակոբյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG