Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 24-ը հունիսի)

Փաստելով, որ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալի օգնական, այժմ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հրապարակել է այն հիմնարար սկզբունքները կամ առաջարկությունների փաթեթը, որն այսօր դրված է ղարաբաղյան բանակցությունների սեղանին, «Առավոտ»-ը նկատում է. - «Հարկ է արձանագրել, որ ինչ-որ չափով տարօրինակ է Քոչարյանին եւ Ալիեւին առաջարկված շրջանակային համաձայնագրի բովանդակության հրապարակման բուն փաստը, եւ այն էլ՝ պաշտոնական միջնորդի կողմից: Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մոտ տասներկուամյա պատմության մեջ նման «բացահայտումներ» էլի են եղել, սակայն, նախ՝ այդպիսիք արվել են հակամարտող կողմերի մամուլ սպրդած արտահոսքի տեսքով, եւ ապա՝ ամեն անգամ այդպիսով նշանավորվել է բանակցությունների հերթական ձախողումը»:

«Ազգ»-ն արձագանքում է. - «Ի՞նչ է նշանակում այս ամենը: Արդյոք համանախագահներն անցնում են «հարձակմա՞ն»... Որոշակի առումով հրապարակային դարձնելով այդքան ջանքերով գաղտնի պահված սկզբունքներից մի քանիսը, արդյոք Մինսկի խումբը հենց ինքը չի՞ փորձում օգտագործել այդքան չարչրկված «հնարավորության պատուհանը», միայն թե պարզ չէ՝ պատրաստվում են իրենք «խցկվել» այդ պատուհանի՞ց, թե՞ «խցկել» Քոչարյանին ու Ալիեւին: Ամեն դեպքում, պարզ չէ նաեւ, թե որտե՞ղ կհայտնվեն «հնարավորության պատուհանից» այն կողմ հայտնվածները՝ հաշվի առնելով հենց այս պահին ինչ-որ իրարանցում առաջացնելու Միացյալ Նահանգների նկրտումները»:

«Օրինաց երկիր» կուսակցության կանանց միության 5-րդ համաժողովից ներկայացնելով Արթուր Բաղդասարյանի ելույթի որոշ հատվածներ, «Առավոտ»- ը նկատում է, որ Արթուր Բաղդասարյանի ելույթն ուներ ընդգծված ընդդիմադիր շեշտադրումներ: - «Տեղի է ունենում իշխանության եւ փողի կենտրոնացում, զոռբայության եւ կեղծիքի կենտրոնացում, որի նպատակն է գնել ամեն ինչ, վերցնել վերահսկողության տակ շարժվող ու շնչող յուրաքանչյուրին: Եվ այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ ժողովրդական առածը ճիշտ է ասում՝ ձիու վրա թեւեր էլ դնես, միեւնույն է արծիվ չի դառնա»: «Առավոտ»-ի մատուցմամբ. - «Ըստ ՕԵԿ նախագահի՝ իշխանության եւ փողի կենտրոնացմամբ փորձ է արվում «մարդկանց դատապարտել հուսալքության եւ ասել, որ այս երկրում ընտրությունների արդյունքները ոչինչ չարժեն: Դա հաստատ այդպես չէ, եւ մենք պետք է միասին պայքարենք նորմալ ընտրական համակարգ ունենալու համար»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրողի հաշվարկով, «պայքարել» բառը Արթուր Բաղդասարյանի 13 րոպեանոց ելույթում կրկնվել է մոտ 15 անգամ:

«Նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ (Հայաստանի Հանրապետական կուսակցություն) քաղխորհրդի նիստում որոշվել է, որ կուսակցությունը հուլիսի 22-ին արտահերթ համագումար պետք է անցկացնի: ՀՀԿ քաղխորհրդի անդամներից ոմանք ասում են, որ այդ համագումարը ներքաղաքական կյանքին մի քանի անակնկալներ պետք է մատուցի», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ նշելով. - «Իհարկե, եթե խոսքը այն մասին է, որ Սերժ Սարգսյանը հենց այդ համագումարում պետք է հայտարարի իր քաղաքական ապագան ՀՀԿ-ի հետ կապելու որոշման մասին, դա արդեն անակնկալ չի լինի: Անակնկալ կլինի, եթե Սերժ Սարգսյանը դա չհայտարարի»: «Նրա համար գերնպատակը 2008-ի նախագահական ընտրություններն են, որոնց ընթացքում ինքը պետք է փորձի ներկայանալ որպես միասնական իշխանական թեկնածու», - շարունակում է վերլուծությունը «Հայկական ժամանակ»-ը. - «Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախագահական ընտրություններին նախորդում են խորհրդարանական ընտրությունները, եւ 2008 թվականին լուրջ հայտ ներկայացնելու համար պաշտպանության նախարարը պետք է լուրջ հենարան ձեւավորի խորհրդարանական ընտրություններում: Իսկ որպեսզի այդ հենարանը իրենը համարվի, ինքը պետք է ընդգրկվի ենթադրյալ մեծամասնության ցուցակում: Իհարկե, դա առաջին հերթին կարող է լինել ՀՀԿ-ն: Բայց եթե Քոչարյանը լրջորեն խաղի մեջ է մտցնում «Բարգավաճ Հայաստան»֊-ը, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն միայնակ չի կարող մեծամասնություն կազմել, դա էլ նշանակում է՝ Սերժ Սարգսյանը չի կարող ունենալ սեփական մեծամասնություն: Այդ մեծամասնությունը, իրադարձությունների զարգացման այս սցենարում, կազմված կլինի առնվազն «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ-ՀՅԴ եռընտրական կոմբինացիայից, որտեղ Սերժ Սարգսյանի լիդերությունը ամենեւին էլ ակնհայտ չի լինի»:

«Հայաստանի քաղաքական կյանքում վերջին ժամանակներս չկան նոր մարդիկ, քաղաքական նոր ուժեր, այդ իմաստով «Բարգավաճ Հայաստանի» եւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունների մուտքը կարելի է միայն ողջունել», - պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին, ասում է Ազգային Ժողովի խոսնակ, ՀՀԿ-ի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: - «Բայց, պետք է հաշվի առնել որոշ իրողություններ: Եթե այս երկու կուսակցությունները փորձում են շեշտադրումները դնել այն բաղադրիչների վրա, որոնց վրա, ցավոք, դնում են շատ կուսակցություններ (նկատի է առնվում ֆինանսական եւ վարչական ռեսուրսները), ապա կարծում եմ, նրանք վտանգի տակ կդնեն ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանի բազմակուսակցական ողջ համակարգը»: «Հուսով եմ, կուսակցությունները վերջապես կգիտակցեն, որ «փողի կուսակցությունը» վտանգ է ներկայացնում ամբողջ հանրության համար, եւ 2007 թվականի խորհրդարանը «փողի կուսակցությունների» խորհրդարան չի լինի», - ասում է Տիգրան Թորոսյանը:

«Երեւանի Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը, որը նախորդ տարի ցուցադրաբար լքել էր ՀՀԿ-ի շարքերը, վերջերս նորից վերադարձել է հարազատ կուսակցություն», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ թվարկելով. - «Վերջին շրջանում ՀՀԿ-ի անդամ են դարձել Արաբկիրի թաղապետ Հովիկ Շահինյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը»:

«Մալաթիա-Սեբաստիա համայնքում հունիսի 22-ին կատարված սպանությունները ոչ միայն տեղիք տվեցին զայրույթի եւ կարեկցանքի, այլեւ մի արդարացի հարցադրման՝ մինչեւ ե՞րբ Երեւանի փողոցներում, նույնիսկ օրը ցերեկով մեզ ապահով չպետք է զգանք», - ահազանգում է «Հայոց Աշխարհ»-ը։

«Գոլոս Արմենիի» թերթի գնահատմամբ՝ օրը ցերեկով Սեբաստիայում կատարված սպանությունը եւս մեկ ապտակ է մեր իրավապահ մարմիններին: «Արդյոք ժամանակը չէ՞, որ մեր «իրավասու մարմինները»՝ իրենց բիզնեսի մասին մտածելը ընդմիջեին այս ամենի մասին մտորելով: Վերջին դեպքը՝ բանդիտական սանձարձակությունից բոլորիս բացարձակ անպաշտպանության ապացույցն է: Իսկ գուցե ժամանակն է, որ ինքներս մտածենք ինքնապաշտպանության միջոցների մասին», - հարցադրումով եզրափակում է թերթը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG