Մատչելիության հղումներ

Վախթանգ Դարչինյան. «Հաջողություններիս գաղտնիքը երակներումս հոսող հայկական արյունն է»


Վախթանգը 30 տարեկան է, բայց ասում է, որ այս տարիքում էլ դեռ շատ բան ունի անելու: «Զգում եմ, որ յուրաքանչյուր մենամարտից հետո ավելի լավ մարզավիճակ եմ ձեռք բերում, հարվածս ավելի է ուժեղանում, այնպես որ պատրաստ եմ եւս 8-10 տարի պրոֆեսիոնալ ռինգում անցկացնել», - ասում է նա:

Վախթանգի կարծիքով, իր հաջողությունների գաղտնիքը երակներում հոսող հայկական արյունն է եւ նպատակասլացությունը: «Չունեմ երազանքներ, փոխարենն ունեմ նպատակներ: Այս պահին իմ նպատակը աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն է», - ասում է Դարչինյանը:

2000 թվականին Վախթանգը տեղափոխվել է Ավստրալիա եւ բնակվում է Սիդնեյում: Այստեղ նրա մարզիչը բռնցքամարտում մեծ հարգանք վայելող Ջեֆ Ֆենիքն է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած մի քանի մենամարտերից հետո Դարչինյանին շնորհեցին «Կատաղած ցուլ» մականունը: Մինչ օրս պրոֆեսիոնալ ռինգում հայազգի մարզիկն անցկացրել է 25 մենամարտ եւ տոնել նույնքան հաղթանակ, որոնցից 20-֊ը՝ նոքաուտով: Նա Ավստրալիայում ամենահայտնի մարզիկներից մեկն է, սակայն «աստղային հիվանդությամբ» չի տառապում:

Վախթանգին բռնցքամարտի այբուբենը սովորեցրել է Վազգեն Բադալյանը: «Այսօրվա պես հիշում եմ, երբ 23 տարի առաջ մեծ դժվարությամբ համաձայնեցի նրան մարզել: Այն ժամանակ ընդամենը 7 տարեկան էր, իսկ այդ տարիքում բռնցքամարտով չեն զբաղվում: Ճիշտ է, խաբել էր եւ ասել, թե 8 տարեկան է», - հիշում է Բադալյանը:

Մինչ օրս էլ յուրաքանչյուր մենամարտից առաջ «Կատաղած ցուլը» խորհրդակցում է իր առաջին մարզչի հետ:

IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, Օվկիանիայի չեմպիոն, Ավստրալիայի լավագույն բռնցքամարտիկ եւ Pan Pacific-֊ի չեմպիոն. այս տիտղոսները Վախթանգը նվաճել է վերջին 5 տարիների ընթացքում: Սակայն այսքանով նա չի սահմանափակվի եւ կձգտի դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն: Սեպտեմբերի 2-ին Լաս Վեգասում նա կմրցի Օմար Նարվաեսի հետ: Հաղթանակի դեպքում աշխարհի չեմպիոն կհռչակվի նաեւ WBA վարկածում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG