Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը


Այսօր Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը, գլխավորում է Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը:

«Վեհաժողովի այս նստաշրջանի օրակարգում ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարցեր չկան: Օրակարգում է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների հարցը՝ կապված երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ», - անցած շաբաթավերջին հրավիրած ասուլիսում հայտնել էր Տիգրան Թորոսյանը եւ հավելել. - «Կան մի քանի հարցեր, որոնց վերաբերյալ, վստահ եմ, որ ադրբեջանցիները՝ շեղվելով օրակարգային հարցերից, կփորձեն էլի ամեն ինչ բերել-կապել Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին: Իրենց գործն է: Կարծում եմ, պիտի պատրաստ լինենք նման մոտեցումների»:

Հաջորդ նստաշրջանում Տիգրան Թորոսյանը, ամենայն հավանականությամբ, ԵԽԽՎ-ում չի գլխավորի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը: «Կուզենայի, հաշվի առնելով Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրները, որ մենք պատվիրակության նոր ղեկավար ունենանք: Այս պահին, բնականաբար, որեւէ վճիռ չկա», - նշել է Տիգրան Թորոսյանը:

«Նախ մեզ հաշիվ տանք, թե ո՞ւմ ենք նշանակելու եւ ո՞վ պիտի այդ ծանր բեռը տանի: Այն մարդը, որին կնշանակենք պատվիրակության ղեկավար, նույնպես պետք է գիտակցի, թե ինչ մեծ պատասխանատվություն է ստանձնում», - ասաց ԱԺ-ի խոսնակը՝ հրաժարվելով հաստատել կամ հերքել լուրը, թե այդ պաշտոնին կարող է նշանակվել ընդդիմության ներկայացուցիչը:

Տիգրան Թորոսյանը նաեւ հայտնեց, որ վեհաժողովի նստաշրջանի օրերին տեղի է ունենալու նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստ: Քննարկվելու են հանձնաժողովի վերանայված կազմը հաստատելու, ինչպես նաեւ Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ այցեր կատարելու հարցերը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG