Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆոնին՝ այսօր մեկնարկող թենիսի Ուիմբլդոնյան հեղինակավոր մրցաշարը, թերեւս, աննկատ անցներ, եթե չլիներ աշխարհահռչակ Անդրե Աղասին, որը մինչեւ մրցաշարի մեկնարկը դարձավ «Ուիմբլդոն-2006»- ի գլխավոր սենսացիայի հեղինակը: Ժամանելով Մեծ Բրիտանիա, նա հայտարարեց. - «Սա վերջին Ուիմբլդոնն է իմ մարզական կարիերայում»:

«Ես գնացի բազմաթիվ զոհաբերությունների, որպեսզի ճիշտ մարզավիճակ պահպանելով, կարողանամ գոնե վերջին անգամ վայելել այս մրցաշարը», - ասում է մարզիկը:

Վերջնականապես Աղասին թենիսի կորտին հրաժեշտ կտա օգոստոսին: «Իմ մասնակցությամբ վերջին մրցաշարը կլինի Միացյալ Նահագների բաց առաջնությունը», - հայտարարեց նա:

36-ամյա թենիսիստը, որը հաղթանակներ ունի «Մեծ սաղավարտ»-ի բոլոր մրցաշարերում՝ 20 տարվա ընթացքում հաղթանակների ընդհանուր թիվը հասցնելով 60-ի, իրոք, վերջնականապես լքում է մեծ սպորտը, եւ այդ փաստը մարզական աշխարհն ընդունեց ակնհայտ տխրությամբ: Սպորտային լրագրողների վկայությամբ՝ Աղասին այն եզակի մարզիկներից է, որին սիրում են բոլորը:

«Նա մեծապես փոխեց սպորտը բոլոր առումներով՝ նախեւառաջ իր պահվածքով կորտում եւ կորտից դուրս», - ասել է հայտնի ամերիկացի թենիսիստ Lեյթոն Հյուիթը:

Ուիմբլդոնի նախկին հաղթողներից Մարիա Շարապովայի խոսքերով, որեւէ մեկը «որեւէ վատ բան չի կարող ասել Անդրե Աղասիի մասին»:
«Նա պարզապես չեմպիոն է», - հավելել է թենիսիստուհին:

Թե ինչով է զբաղվելու Աղասին, երբ թողնի մեծ սպորտը՝ առայժմ չի բացահայտվում, թեեւ նրա հնարավորությունների շրջանակը բավական ընդգրկուն է: Մի քանի տարի է, ինչ Աղասին ֆինանսավորում է անապահով ընտանիքների երեխաների համար բացված մարզական դպրոցների ցանցը: Ցանկության դեպքում, նա նունիսկ կարող է քաղաքական կարիերա սկսել: Անցած տարի նրա հայրենի Lաս Վեգասի բնակիչները ստորագրահավաք էին սկսել՝ մտադրվելով Աղասիին առաջադրել ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամի թեկնածու:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG