Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Խորհրդարանը իր աշխատանքները կավարտի ձեւավորված ուժերի հարաբերակցության շրջանակներում»


Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Տիգրան Թորոսյանը այդ պաշտոնում իր առաջին ասուլիսում այսօր հայտարարեց, որ խորհրդարանում վերադասավորումները ավարտվել են, եւ ներկա գումարման խորհրդարանը «աշխատանքները կավարտի ձեւավորված ուժերի հարաբերակցության շրջանակներում»:

Թորոսյանը հերքեց նաեւ լրագրողներից մեկի պնդումը, թե նախագահի կողմից հրահանգ կա, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցությունը համագործակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

«Ես չգիտեմ, թե նախագահը ում ինչ հրահանգ է տվել այդ հարցով», - ասաց նա: - «Բայց նաեւ վստահաբար կարող եմ ասել, որ համատեղ որեւէ բան մենք չենք արել մինչ այժմ եւ հիմա էլ չենք անում»:

«Ինչ կլինի հետագայում՝ Հանրապետական կուսակցությունը ինչպիսի մարտավարական լուծումներ կընտրի՝ սա այլ խնդիր է», - շարունակեց Թորոսյանը: - «Բայց մեկ բան ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը իր նպատակները առաջիկա խորհրդարանական ընտրություններում կապում է միայն իր գործունեության հետ»:

Ասուլիսում սեփական նախաձեռնությամբ անդրադառնալով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Մհեր Շահգելդյանի հրաժարականին (նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավարի պաշտոնից)՝ Թորոսյանը ասաց, թե ավելի վաղ, երբ «Օրինաց երկիր»-ը նոր էր անցել ընդդիմություն, ինքն է Շահգելդյանին առաջարկել էր մնալ պատվիրակության ղեկավարի պաշտոնում:

Տարաձայնությունները ծագել են վերջին օրերին, երբ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի երկու՝ գրեթե միաժամանակյա միջոցառումներից (ԱՄՆ-ում եւ Սոչիում) Մհեր Շահգելդյանը նախապատրաստվել էր ամերիկյան այցին: ԱԺ նախագահը, մինչդեռ, նրան առաջարկել էր մասնակցել Սոչիի միջոցառմանը:

«Ամերիկյան այդ այցի ժամանակ պետք է մարդիկ ուղղակի հանդիպումներ ունենային մի շարք պաշտոնյաների հետ եւ մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ», - պարզաբանեց Թորոսյանը: - «Զուգահեռաբար անցկացվելու էր այդ սեմինարը [Սոչիում], որտեղ հարց էր քննարկվում Հայաստանին ուղղակիորեն վերաբերող Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG