Մատչելիության հղումներ

Սպանվել է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետի որդին


Այսօր Երեւանում հրազենային կրակոցներից սպանվել է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը:

Կրակոցները հնչել են ժամը 14:50-ի սահմաններում: Դեպքի ականատեսները պատմում են, որ կրակել են արտասահմանյան մակնիշի մեքենայից, որը հետապնդել է Սեդրակ Զատիկյանի վարած «Մերսեդես-ջիպ» ավտոմեքենան: Հետապնդումից խուսափելու համար նա արագացրել է ընթացքը եւ բախվել «ՄԱԶ» ավտոմեքենայի: Մինչ ոստիկանները հասել են դեպքի վայր, Սեդրակ Զատիկյանն արդեն մահացած է եղել: Նրա դիակի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:

Զատիկյանին հետապնդող ավտոմեքենայից արձակված կրակոցներից Սեբաստիա 29 շենքի մոտ սպանվել է նաեւ պատահական անցորդ մի կին՝ 1969 թվականին ծնված Կարինե Սարգսյանը: Ականատեսների վկայությամբ, կինը ապրում էր հարեւանությամբ եւ դուրս էր եկել «Արամե» խանութից մթերք գնելու:

Ոստիկանությունը դեպքի վայրում դատաձգաբանական փորձաքննություն է իրականացրել:

Սեդրակ Զատիկյանի հայրը մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 8-ին սրտի կաթվածից: Սեդրակ Զատիկյանը գլխավորում էր Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Մալաթիայի կառույցը: Մալաթիացիները ենթադրում են, որ կատարվածը վրեժխնդրություն էր. Վահան Զատիկյանը, բնակիչների կարծիքով, «ժամանակին շատերից է տեղանքում գտնվող խանութներ ու կրպակներ խլել»:

ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց համար էլ դեռ պարզ չէ, թե ովքեր են եղել կրակողները:

«Թեեւ սպանության պատճառները պարզելը իրավապահների գործն է, Երկրապահների միությունը, իր հերթին, ամեն ինչ կանի հանցագործներին հայտնաբերելու եւ սպանության պատճառները պարզելու համար», -֊ հավաստիացրել է Մյասնիկ Մալխասյանը:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG