Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արդեն երրորդ օրն է՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել: Դրանից մի քանի օր առաջ մեր տնտեսությունը մի երկու օր անկում ապրեց», - վերլուծում է «168 ժամ»-ը՝ պնդելով. - «Դրամի փոխարժեքի տատանումները որեւէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, որովհետեւ Կենտրոնական բանկի նախագահը դրամի արժեվորումը հենց Հայաստանի տնտեսական աճով է բացատրում: Եվ ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը մի երկու օր ինտենսիվ աճում է, հետո մի երեք օր խայտառակ անկում է ապրում»:

«Վաղը Աթենքում «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր OTE ընկերության գլխավոր վեհաժողովի նիստին որոշում կկայացվի բաժնետոմսերի վաճառքի առնչությամբ», - փոխանցում է «Ազգ»-ը:

Աղվան Հովսեփյանի հնարավոր պաշտոնանկությանը վերաբերող՝ «Հայոց Աշխարհ»-ի հարցին գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը պատասխանում է. - «2004 թվականի մարտ ամսից ի վեր, ինչ Աղվան Հովսեփյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ, պարբերաբար մամուլում հայտնվում են ասեկոսեներ նրա հնարավոր պաշտոնանկության մասին։ Շարժառիթները պարզ են. նեղ շահադիտական խնդիրներ հետապնդող անձինք փորձում են իրենց երազանքները ներկայացնել որպես իրականություն»:

«ՀՀԿ-ն հանրապետությունում իրոք ուժեղ քաղաքական ուժ է եւ իր խոսքը բավականին ծանրակշիռ է լինելու առաջիկա քաղաքական ընտրություններում, եւ ոչ միայն ԱԺ-ի, այլեւ նախագահական ընտրություններում», - «Առավոտ»-ի հարցազրույցում պնդում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Ի պատասխան ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցին, Մելիքյանը, հիշեցնելով, թե վերջին համագումարում կուսակցության նախագահը հայտարարեց, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է առանձին, չնայած չբացառվեց նաեւ որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու հավանականությունը, հայտնում է. - «Առայժմ բանակցային փուլն է ընթանում զուտ անձնական մակարդակով... Վերջնական որոշումները կկայացվեն ընտրությունների նախաշեմին»:

Նույն թերթը, տեղեկացնելով, որ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Օրինաց երկիր»-ից հեռացած Գեղարքունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանին երեկ նշանակել է տարածքային կառավարման նախարարի տեղակալ, փոխանցում է Դաշնակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հայտնած դիտարկումը. - «Մեր երկրի քաղաքական դաշտում առնետավազք է տիրում, որի արդյունքում փոխվում է նաեւ մեր ժողովրդի բարոյահոգեբանական տեսակը: Այն սերունդը, որը տեսնում է, թե որքան սովորական է դավաճանելը, սկզբունքներ, գաղափարներ չունենալը, չի կարող բարոյական բարձր արժեքներով ապրել»:

«Պաշտոնապես այսօր Հայաստանում գրանցված են վեց տասնյակից ավելի կուսակցություններ, բայց շարունակում են ստեղծվել նաեւ նոր կուսակցություններ: Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարական բազմազանություն է», - փաստում է «168 ժամ»-ը՝ սահմանելով. - «Կուսակցություն ստեղծելը խանութ բացելու պես բան է դառնում»:

«Ավազակախմբերում կա հստակ օրենք. եթե դու ուզում ես «թիմի» լիիրավ անդամ լինել, ապա պարտավոր ես բոլորի հետ միասին թալանել, ջարդել ու մորթել: Խմբի հետ «գործի» գնալը, դռան մոտ մնալն ու վտանգի դեպքում տագնապի ազդանշան տալը քեզ միայն «առընթեր» անդամի կարգավիճակ են տալիս», - բացատրում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ զուգահեռելով. - «Այդպես է նաեւ թերզարգացած պետականության պայմաններում իշխանական համակարգը. կարեւոր չէ, թե ինչ պաշտոն ես զբաղեցնում, էականը հետեւյալն է՝ մտնո՞ւմ ես, թե՞ չես մտնում թիմի մեջ»:

«Հայկական ժամանակ»-ը, իր հերթին, գրում է. - «Ռեկետը Հայաստանում բարձրացված է պետական մակարդակի, ռեկետն ունի իր «բյուջեն»` թե՛ եկամտային եւ թե՛ ծախսային մասերով: Այդ բյուջեն ենթակա է լրիվ կատարման, հակառակ դեպքում մեր պետական պաշտոնյաները չեն ունենա այն շքեղ դղյակներն ու մեքենաները, չեն կարողանա իրենց հանգիստն անցկացնել աշխարհի ամենաթանկ հանգստավայրերում: Բա որտեղի՞ց նրանց այդքան փող: Դա հենց այդ ռեկետից գոյացող «բյուջեի» ծախսային մասն է: Իսկ եկամտային մասը ապահովում են հենց ձեռնարկատերերը, որոնք ամեն ստուգողի գրպանը մի որոշակի գումար են դնում»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը ասում է. - «Միացյալ Նահանգները իսկապես Թուրքիային նեղացնելու ցանկություն չունի։ Բայց եւ այնպես, Կարս - Ախալքալաք երկաթգծի հետ կապված, Թուրքիայի նկատմամբ որոշակի ճնշում իրապես առկա է։ Միաժամանակ ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության լուծումը համարում է տարածաշրջանային մյուս խնդիրների կարգավորման բանալի եւ փորձում ակտիվացնել Մինսկի գործընթացը, հույս ունենալով, որ այդպիսով ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն, ե՛ւ կլուծվեն տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ինտեգրացման հարցերը»:

«Երեկ Կոստրոմայում (Ռուսաստան) կայացել է դատավճիռ Հայաստանի քաղաքացի Իվան Խալթյանի սպանությունը կազմակերպելու եւ կատարելու գործում մեղադրվող Ալեքսանդր Բելովի, Ալեքսանդր Սերովի եւ Անդրեյ Պոտապովի նկատմամբ», - փոպանցում է «Ազգ»-ը: - «Մեկ ամիս տեւած դատավարության արդյունքում գույքային վեճի դրդապատճառով սպանության եւ զենք ու զինամթերքի ապօրինի պահպանման համար մեղադրյալներից Պոտապովը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման Խալթյանի եւ մեկ այլ սպանության մեղադրականով: Սերովը ճանաչվել է սպանության կազմակերպիչ եւ դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Սպանության մեղսակից Ալեքսանդր Բելովն ստացել է 8 տարի ազատազրկում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG