Մատչելիության հղումներ

Կեսօր է, առավոտյան վերկացից հետո նախաճաշել են ու ավարտել սպորտային վարժություննեը, բայց զորամասի տարածքում նկատելի են անգամ անտանելի տոթին մարզվողներ. բացատրում են, որ նորակոչիկներն են:

Ամեն մեկն իր գործին է՝ օրվա հերթապահներ, մաքրությամբ զբաղվողներ, զենքն ու զինամթերքը հսկողներ եւ այլն:

Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Տիգրան Դարանյանը առաջարկում է միասին սահմանամերձ հենակետեր գնալ: Այս զորամասի հսկողության տակ է երկու պետության սահման՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի (սահմանից այն կողմ Նախիջեւանն է): Գնում ենք, ճանապարհին փոխգնդապետը ներկայացնում է Ուրցի լեռնաշղթայում տեղակայված հեռվում երեւացող հենակետերը:

Երասխավան գյուղում ենք. 1990 թվականի հունվարին Ղարաբաղյան պատերազմի առաջին մարտերն այստեղ են մղվել: Արդեն հենակետում ենք. տղաները հետաքրքիր ու գեղեցիկ են դարձրել իրենց կացարանի շրջապատը՝ կավաշեն արձաններ ու գրություններ, մշակված հող, նորատունկ ծառեր: Այստեղ ջուր չկա, ծառերը ջրում են երեք օրը մեկ՝ իրենց համար այստեղ բերվող ջրով:

Պատկերացնել բազմաթիվ տղաների մի տեղում եւ կռիվ ու «հաշիվ մաքրել» չպատկերացնել հնարավոր չէ: Ե'վ հրամանատարները, ե'ւ զինվորները չեն ժխտում, որ դա էլ կա, բայց փորձում են ամեն ինչին հանգիստ վերջ դնել:

Դե լավ, այս ամենը մի կողմ, դիրքերում են ավելի կարեւոր գործի համար. սահմաններն են պաշտպանում: Վահանն ասում է, որ երբ առաջին անգամ հենակետ էր գալիս՝ սրտում մի քիչ վախ կար. - «Երբ ուսանող էի, նայում էի ընկերներիս ու վախենում, որ առաջին գծում են: Հիմա ես էլ եմ սահմանում, ու հասկանում եմ, որ խելացի գործելու դեպքում վախենալու որեւէ բան չկա»:

Տղաներն անցնում են իրենց սովորական գործին. երկու ժամը մեկ դիրքերում հերթափոխի են գնում, իսկ մենք վերադառնում ենք զորամաս: Զորամասի մշակույթի կենտրոնում Ուրախների եւ հնարամիտների ակումբի փորձն է, տղաները միջզորամասային առաջնությանն են պատրաստվում:

Իսկ մենք մեր այցելությունն ավարտեցինք, բռնում ենք Երեւան բերող ճանապարհը: Մնում է միայն ասել. տղաներ ջան, ձեզ բարի ծառայություն:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG