Մատչելիության հղումներ

logo-print

Տիեզերական աստղագիտության կենտրոնը վերածվել է խոզաբուծարանի՞


Գառնիի տիեզերական աստղագիտության կենտրոնը կարող է վերածվել խոզաբուծարանի:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում կենտրոնը թալանվեց, նոր տնօրենի օրոք եւ նրա իսկ ձեռքով դատարկվեցին պահեստները: Սարքավորումները, մեքենաները՝ ոչինչ չի մնացել», - ասում է կենտրոնի հիմնադիր, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը:

Ըստ Գուրզադյանի, «Գալակտիկա» ՓԲԸ-ի ներկայիս գործադիր տնօրեն Գագիկ Դոլիեւը, համաձայնության գալով Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ, խոզաբուծարանի շինարարություն է իրականացնում կենտրոնի տարածքում:

Տիեզերական աստղագիտության կենտրոնը հիմնադրվել է 1965 թվականին Երեւանից շուրջ 25 կիլոմետր-հյուսիս արեւելք, Գառնի գյուղի մոտակայքում: Այն պատկանում էր Գիտությունների ազգային ակադեմիային: Այս կառույցը ստեղծվելուց քիչ ժամանակ անց հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:

Կենտրոնն ուներ 700 աշխատող, որոնց համար կառուցվել էին հատուկ կացարաններ՝ անմիջապես կայանի հարեւանությամբ: Իսկ կենտրոնի ֆինանսավորումը եղել է անմիջապես Մոսկվայից: Խորհրդային Միության փլուզումից հետո էլ կայանը չի դադարեցրել աշխատանքը: Հիմնականում գերմանացիների պատվերով այստեղ ստեղծվել են հարյուրավոր օպտիկական հայելիներ:

2003 թվականից կենտրոնը գտնվել է առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ենթակայության տակ: Սակայն երկու տարի անց այն նորից վերադարձվել է Գիտությունների ազգային ակադեմիային: Կենտրոնն ունեցել է տարբեր անուններ՝ «Աստրո», «Գրանիտ», այնուհետեւ վերանվանվել է «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության: Բայց հանրությանն այն ավելի հայտնի է ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ինստիտուտ անվամբ:

Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, ով չցանկացավ ձայնագրվել, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինստիտուտի տարածքում ոչ մի շինարարություն չի իրականացրել, այլ Գրիգոր Գուրզադյանը մի քանի տարի առաջ գոմ է կառուցել, անասուններ է պահել: Հիմա գոմը դատարկ է: Եվ ինքն էլ ցանկություն է ունեցել այդտեղ խոզ պահել: Այս հարցով գյուղապետը դիմել է «Գալակտիկա»-ի գործադիր տնօրեն Գագիկ Դոլիեւին, վերջինս մերժել է՝ պատճառաբանելով, որ պետք է անպայման տեղյակ պահի ղեկավարությանը, այսինքն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, քանի որ ինստիտուտը ակադեմիայի ենթակայության տակ է:

«Գիտությունների ազգային ակադեմիան բոլորովին տեր չի կանգնում: Մեկ ամիս է՝ նոր նախագահ ենք ընտրել, եւ ես նրան ինչքան եմ խնդրել, որ Դոլիեւին վերջապես ազատի: Հասկանում եք, ակադեմիայի նախագահը Գուրզադյանին չի լսում, տիրություն է անում Դոլիեւին», - ասում է Գրիգոր Գուրզադյանը:

Գառնիի գյուղապետը տեղեկացրեց նաեւ, որ վատ չի լինի, եթե ակադեմիան ընդունի առաջարկը: Աշոտ Վարդանյանի խոսքով, ինքը ցանկանում է վարձակալել գոմը եւ, իր կարծիքով, վարձավճարը կարող է նպաստել կենտրոնի գործունեությանը:

«Ծիծաղելի բան է՝ այդ միջոցները միայն իրենց են պետք եւ խոզերին», - պատասխանում է Գրիգոր Գուրզադյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG