Մատչելիության հղումներ

Փիրսինգը եւ դաջվածքը տարածում են ստանում Հայաստանում


Զարդարանքի այս տեսակները, արդեն որպես նորաձեւության վերջին ճիչեր, աշխարհի շատ երկրների թվում վերջերս թակեցին նաեւ Հայաստանի՝ մասնավորապես, նրա երիտասարդ սերնդի դուռը: Բժիշկ-կոսմետոլոգ Նունե Մոտունցի խոսքերով, մեր երկրում այսօր փիրսինգ են անում միայն համարձակ երիտասարդները:

«Ես կանեի փիրսինգ, եթե ընտանիքս թողներ, ինձ համար դա նորմալ երեւույթ է, որը, չգիտես ինչու, մեր իրականություն դեռեւս լիովին չի մտել», - ասաց նա:

Ինչպես հավաստիացնում է Նունե Մոտունցը, այսօր Հայաստանում նորաձեւության հետ համընթաց քայլելու հարցում առաջատարի դիրքերում են հատկապես աղջիկները: Ոմանց համար ժամանակավոր դաջվածքները փոխարինում են անգամ կոսմետիկ միջոցները. - «Ժամանակավոր դաջվածքների միջոցով ունքի կամ շրթունքի ձեւն են փոխում, այն օգտագործում են նաեւ աչքերի սեւ մատիտի փոխարեն, երբեմն էլ՝ շրթներկի: Ժամանակավոր դաջվածքները օգտագործում ենք նաեւ ունքերը հաստացնելու համար»:

Տղաները նախընտրում են մշտապես պահպանվող դաջվածքները: Սիրում են դաջվածքներ անել հատկապես մեջքին ու ուսերին: Տղաների եւ աղջիկների ճաշակները չեն համընկնում նաեւ փիրսինգ անելիս:

«Աղջիկները ավելի շատ նախընտրում են փիրսինգ անել ականջին, լեզվին, պորտին, երբեմն էլ քթին, իսկ տղաները՝ միայն քթին ու կզակին, շատ քիչ դեպքերում էլ նաեւ ականջին»:

Տիտան եւ ոսկի. փիրսինգի օղերից ահա թե որ տեսակներին են մեր երիտասարդները նախապատվություն տալիս: Ասում են՝ սրանք համեմատաբար հեռու են պահում բորբոքային երեւույթներից:


Արփի Սուքիասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG